Սերգո Կարապետյանն Արմավիրի մարզում հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք` բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

«Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք է կատարվել: Մեր տվյալներով, չնայած գարնանը գրանցված կարկտահարության և ցրտահարության դեպքերին, Արմավիրի մարզում ընդհանուր առմամբ բավականին լավ բերք է սպասվում», – լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով մարզի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին արձանագրված հաջողություններին` նախարարը գոհունակությամբ նշել է, որ այստեղ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել, և ներկայումս մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի շուրջ 86%-ը կամ 35770 հեկտար:
Նախարարն ընդգծել է, որ պտուղ-բանջարեղենի մշակության արմավիրցի շատ ֆերմերների փորձն արժանի է ընդօրինակման, այստեղ հստակորեն պահպանվում են ագրոտեխնիկայի կանոնները, ինչի շնորհիվ տարեցտարի ավելանում են բերքատվությունն ու արտադրության ծավալները:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր հերթին նշել է, որ Արմավիրում արդեն մեկնարկել է ծիրանի, պղպեղի, ձմերուկի և սմբուկի բերքահավաքը: Նրա խոսքով` մարզում ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ մշակվել է շուրջ 1700 հեկտարով ավել հողատարածք, ինչը թույլ է տալիս ակնկալել բանջարաբոստանային մշակաբույսերի 40-45 հազար տոննայով ավել բերք: Մարզպետը հավելել է, որ սմբուկի և ձմերուկի բերքի գերակշիռ մասն իրացվում է տեղական շուկայում և արտահանվում Վրաստան:

Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը նշել է, որ իրենց համայնքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կամզում են շուրջ 1300 հեկտար, որի գրեթե կեսը հատկացվում է բանջարաբոստանային մշակաբույսերին: Եղեգնուտը հատկապես հայտնի է ձմերուկի և սմբուկի մշակությամբ, այս տարի նույնպես այդ մշակաբույսերի մասով բարձր բերք են ակնկալում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս