Սեպտեմբերի 26-ին “Շիրակ” օդանավակայան ՓԲԸ-ում 122 տոննա վառելիքի անհետացման դեպք էր բացահայտվել: Օդանավակայանի ղեկավար Սեյրան Չուխաջյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում կատարվածի մեջ մեղադրեց վառելիքաքսուքային բաժնի ծառայության վերահսկիչ Հարություն Հովհաննիսյանին. “Թալանել է, թե ինչ է արել՝ դա չգիտեմ, բայց որ ինքն է միակ մեղավորը, դա հաստատ է, ուրիշ մեկը չկա”:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունը ստուգումներ է իրականացրել օդանավակայանում, քանի որ ահազանգ էին ստացել, որ օդանավակայանից 122 տոննա դիզվառելիք է անհետացել: Ինչը նշանակում է, որ “Շիրակ”օդանավակայանից թռիչքի դուրս եկած ինքնաթիռներն ամեն պահի կարող էին ունենալ վառելիքի խնդիր, քանի որ պահեստից ,մկները տարել էինե վառելիքը:
Եվ այսպես, ովքե՞ր են անհետացման պատասխանատուները, եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում մեղավորներին: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով “Ժողովուրդ”-ը պարզաբանում խնդրեց “”Շիրակ” օդանավակայանե ՓԲԸ-ի ղեկավար Սեյրան Չուխաջյանից, որ հորդորեց մեզ դիմել “Արմենիա” միջազգային օդանավակայանի լրատվական բաժին, սակայն մեր համառ ջանքերի շնորհիվ Չուխաջյանը, այնուամենայնիվ, մեկնաբանեց յուրացման դեպքը. “Ուրեմն մինչ այս դեպքի բացահայտումը, վառելիքասուքային բաժնի ծառայության վերահսկիչ պահեստապետ Հարություն Հովհաննիսյանը եկավ ու ինձ ասաց, թե վառելանյութը մի ռեզերվուարից մյուսն ենք տեղափոխելու ֆիլտրացիա անելու համար: Ավելի ուշ եկավ, ասաց, որ վառելիք է պակասել: Ես տեսա, որ ճեղքվածք կար, ու “Արմենիա” միջազգային օդանավակայանին տեղյակ պահեցի, որ նման բան կա, իրենք եկան, ստուգեցին եւ տեսան, որ մոտ 60 տոննա պակասորդ կա, ու ես պարտադրեցի վերահսկիչին վերադարձնել պակասորդը”:
Ինչպես պարզեցինք մեր զրուցակցից, մինչ այս աղմկահարույց դեպքի բացահայտումը, օդանավակայանում վառելիքի անհետացման դեպքով ծառայողական քննություն է նշանակվել, եւ Ս. Չուխաջյանը, չսպասելով ծառայողական քննության ավարտին, եւս մեկ ստուգում է իրականացրել. “Տեսնում էի, որ Հարությունը խուսափում է, ու իմ ներքին ձայնն ինձ մի բան հուշեց, որ եւս մեկ հանձնաժողով ստեղծենք, ստուգում իրականացնենք: Ու հենց դրա արդյունքում հասկացանք, որ 122 տոննա վառելիք է անհետացել: Եվ կատարվածի մասին եւս մեկ անգամ տեղյակ պահեցինք “Արմենիա” միջազգային օդանավակայանին, ու արդեն իրավապահները զբաղվեցին այս հարցով: Հիմա սպասում ենք փորձագետների եզրակացությանը: Սա առաջին նման դեպքն էր մեր օդանավակայանում”:
Չուխաջյանը կատարվածի մեջ իրեն մեղավոր չհամարեց, ավելին, ըստ նրա՝ իր հսկողության տակ 7-8 ծառայություն կա, եւ ինքը չի կարող բոլորի փոխարեն պատասխանատու լինել. “Ես հսկում եմ բոլորին, եւ, ի վերջո, այս ամենը ես եմ բացահայտել, եթե թաքցրած լինեի, նոր մեղավոր կլինեի: Հ. Հովհաննիսյանն է այս ամենով զբաղվում, եւ ինքն է պատասխանատու ու մեղավոր այս ամենի համարե:
Իսկ ահա Հ. Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում անհիմն համարեց իր ղեկավարի մեղադրանքները. “Ոչ մի կողոպուտ, ոչ մի յուրացում չկա: Արտահոսք է եղել, եւ արդյունքում պակասել է, ու ես ինքս էլ շահագրգռված եմ, որ ամեն ինչ բացահայտվի, եւ ավելորդ խոսակցություններ էլ չլինեն”:
Ըստ մեր զրուցակցի՝ ամբարներն անմխիթար վիճակում են եղել, ինչի արդյունքում ճեղքվածք է առաջացել, իսկ թե ով է պատասխանատու հնամաշ ամբարների եւ անհետացած վառելիքի համար, Հովհաննիսյանը չգիտի. “Ես վախենալու բան չունեմ, եթե մի բան դու չես արել, ինչո՞ւ պետք է պատասխանատու լինես: Հիմա փորձաքննություն է նշանակված, եւ ամեն ինչ պարզ կլինի”:
Նշենք, որ “Շիրակ” օդանավակայան ՓԲԸ-ն գտնվում է “Արմենիա” միջազգային օդանավակայանի ենթակայության տակ, պատկանում է արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին: Ստեղծված տհաճ իրավիճակի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցեց նաեւ “Արմենիա” միջազգային օդանավակայանի վառելիքաքսուքային ծառայության տնօրեն Ալբերտ Սախկալյանի հետ. “Ստուգումները գնում են, ու երբ ավարտվեն, նոր կկարողանամ մեկնաբանել: Սրանք շատ նուրբ հարցեր են, եւ մինչ ստուգումների արդյունքները պարզ չլինեն, չեմ կարող ոչինչ ասել”:
Անդրադառնալով Հովհաննիսյանի կողմից հնարավոր յուրացումների մասին խոսակցություններին՝ Սախկալյանը նշեց, որ նորմալ մարդը նման բան չի կարող անել. “Չուխաջյանն ավելորդ բաներ իզուր է ասում, իսկ քննությունից առաջ եզրակացնելը սխալ է”: Ըստ նրա՝ եթե անգամ պարզվի, որ այս ամենը կրիմինալ է, ապա համապատասխան մարմինները կարող են քրեական գործ հարուցել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 631 համար