«ԿՈՐՑՐԵՑԻ ԸՆԿԵՐՈՋՍ, ՈՐԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱՅԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Էությունը բնորոշող հարցերի եւ անկեղծ պատասխանների շնորհիվ հնարավորություն կտրվի նրանց բացահայտել նոր դիտանկյունից: Այս անգամ զրուցել ենք երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ: Նա պատմել է իր կյանքի դժվարին պահերի, շրջադարձային դեպքերի, իր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերի մասին, անդրադարձել հանրությանը հուզող մի շարք այլ հարցերի:

-Լիլի՛թ, օրվա մեջ Ձեր ամենասիրելի պահը ո՞րն է:
-Երբ տանն եմ լինում` որդուս հետ: Առհասարակ, քիչ ժամանակով եմ կարողանում նրա կողքին լինել. այդ դեպքում երեխայիս խնամում է մայրս:
-Ձեզ ամենահարազատ եղանակը:
-Ամառը: Ես էլ, որդիս էլ այս եղանակին ենք ծնվել, եղբայրս էլ է եղել ամառվա ծնունդ: Սիրում եմ շոգը, որը ստիպում է թեթեւ հագնվել, թեեւ լողալ չգիտեմ, ամեն դեպքում շատ եմ սիրում ծովը…
-Երգ, որն անպակաս է Ձեր կյանքից:
-Վերջին ժամանակներում որդուս ճաշակով եմ առաջնորդվում, որը ես եմ ձեւավորել` դեռեւս հղիության ամիսներից: Մենք Maroon 5 ենք շատ սիրում, ինչպես նաեւ` Մայքլ Ջեքսոնի բոլոր կատարումների սիրահարներն ենք:
-Գիրք, որ անջնջելի հետք է թողել:
-Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ը: Երբ կարդացել էի այդ գործը, մտովի պատկերացրել էի հերոսներին, իսկ երբ հետագայում տեսա դրա հիման վրա նկարահանված ֆիլմը, հասկացա, որ Ռոչեստրին պատկերացրել էի ճիշտ նույն կերպ, բայց, ահա, իմ մտքերի Ջեյնը բոլորովին այլ էր: Ուստի այդպես էլ մնացի գրքի ազդեցության տակ:
-Երբեմն ինքներդ էլ զարմանում եք, որ կարողացել եք…
-Որ ես կարողացել եմ կյանքի վշտերին ու անձնական, մասնագիտական դժվարություններին դիմակայել, որ այդքան ուժ ունեմ: Եթե այս նույն մասնագիտությամբ ես ծնված լինեի այլ երկրում, այսպես չէի մտածի: Այնուամենայնիվ, շատ եմ սիրում իմ գործը, ուստի, չնայած բոլոր խոչընդոտներին, չեմ դադարում երգել: Այդ ամենի մասին մոռանում եմ միայն, երբ բեմ եմ բարձրանում… Զարմանում եմ նաեւ, թե ինչպես կարողացա իմ մեջ ուժ գտնել, երբ եղբայրս մահացավ, եւ ես մնացի միայնակ: Մինչեւ 2000 թվականը նա ե՛ւ իմ երգերի հեղինակն էր, ե՛ւ գործիքավորողը, ե՛ւ, առհասարակ, իմ թիկունքը: Ես ոչ մի բանից տեղյակ չէի: Նրա մահվանից հետո այդ մեծ վիշտը սրտումս դեռ պետք է կարողանայի ինձ վերագտնել: Այդ ժամանակ ավելի առաջ գնալուս համար շատացան հովանավորների` հետին մտքով առաջարկները: Նրանց հետաքրքրողը, ինչպես հասկանում եք, երգը չէր… Եթե թույլ ես գտնվում, կոտրվում ես, ընկնում ես այդ հոսքի մեջ, եթե ոչ, շատ դժվար է լինում…
-Ձեր թույլ կողմերը:
-Անչափ զգացմունքային եմ: Այն, ինչ զգում եմ, կլինի լավ բան, թե վատ, արտահայտվում է լացով: Երբեմն ապրում եմ ուրիշի վշտով, որը շատ վատ է… Այդ ամենի հետեւանքով նյարդերդ տեղի են տալիս, եւ վաղ թե ուշ ի հայտ է գալիս նեւրոզը: Հենց հիմա ես ունեմ այդ խնդիրը, բայց կարողանում եմ դրա դեմն առնել: Ոչ մի բժիշկ քեզ չի օգնի, եթե ինքդ չհաղթահարես դա: Մի քանի շրջադարձային պահեր հանգեցրին նրան, որ ինձ մոտ ի հայտ եկավ այս հիվանդությունը: Փոքր տարիքում ես կորցրի հորս, տարիների ընթացքում միայն հասկացա, թե ինչ է նշանակում զրկված լինել տան հիմնասյունից: Հետո արդեն կորցրեցի ընկերոջս, որի հետ կապել էի իմ ապագան, ում հետ որոշել էինք, որ պետք է ամուսնանանք… Դրանից մի քանի ամիս հետո կորցրեցի եղբորս… Ահա, այս ամենը գումարվեց եւ ունեցավ իր հետեւանքները:
-Մի բան, որից միշտ խուսափում եք:
-Բամբասանքը: Տանել չեմ կարողանում, երբ մարդուն սկսում են վատաբանել: Այդ դեպքում կա՛մ թույլ չեմ տալիս խոսեն, կա՛մ լքում եմ տարածքը:
-Կնոջ լավագույն հատկանիշները:
-Կանացիությունը, ճշտախոսությունը, նվիրվածությունը, իր եսը պահելը: Չեմ սիրում այն կանանց, որոնք իրենք իրենց կորցրած՝ հանուն տղամարդու պատրաստ են ամեն ինչի: Դրա հետեւանքով տղամարդը կորցնում է հարգանքը քո նկատմամբ: Իսկ եթե որեւէ միության մեջ հարգանք չկա, սերը ժամանակի ընթացքում պակասում է, ապա մարում:
-Տղամարդու նախընտրելի տեսակը:
-Տղամարդը պետք է ունենա խոսքի ուժ, սիրել, հարգել իմանա, կնամեծար լինի, պարտադիր պետք է հաճելի արտաքին ունենա: Տանել չեմ կարողանում այնպիսի տղամարդկանց, որոնք ընկնում են կնոջ ազդեցության տակ, ինչից տուժում է մայրը, կամ հակառակը:
-Մարդկանց սիրելու Ձեր պատճառները:
-Ես չսիրելի մարդ համարյա չունեմ: Դեռ մանկուց ամեն մեկի մեջ գտնում եմ ինձ հաճելի բնավորության գծեր եւ տեսնում եմ լավը, դրականը:

 

 

 
«ՄԵՆՔ ՀՈ ՉԵ՞ՆՔ ՄԵՌԵԼ-ԳՆԱՑԵԼ»

Արփինե Բեկջանյանը պատրաստվում է իր երկրպագուներին ներկայացնել նոր ձայնասկավառակ: Սա կլինի երգչուհու` թվով երրորդ ալբոմը: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ մտածում է նաեւ նոր տեսահոլովակ նկարահանելու մասին:

Մեր այն հարցին, թե այս փուլում Արփինեն որ ժանրում է նախընտրում ստեղծագործել, վերջինս ուշագրավ խոստովանություն արեց. «Ես միշտ ներկայացրել եմ երաժշտական այն ժանրը, որը պահանջել է հանդիսատեսը, այն ուղղվածությունը, որը մարդիկ հեշտ են ընկալել, հիշել ու մարսել: Բնականաբար, իմ երաժշտական նախասիրություններն այլ են: Ուստի պատրաստվում եմ ներկայանալ ոճային փոփոխությամբ, որը ինձ հոգեհարազատ կլինի»:
Երգչուհին, անդրադառնալով իր ամեն քայլի վերաբերյալ սոցցանցերում, բլոգերում եւ կայքերում ծավալվող բուռն մեկնաբանություններին, նկատեց, որ հանրային անձի կյանքում այդ ամենն անխուսափելի է, բայց միեւնույն ժամանակ նշեց, որ վիրավորական է համարում, երբ իրեն «կպցնում են», օրինակ, «մոռացված» պիտակը. «Ես չեմ մոռացվել, հետո ինչ, որ այսօր մեր դաշտը մոնոպոլիզացված է, անընդհատ նույն դեմքերն են երեւում եթերում: Ովքեր ինձ հիշում են, հիշում են: Գուցե այս նոր սերնդի կողմից ճանաչված չեմ, բայց պետք չէ այդ սերնդի ներկայացուցիչների շրջանում իմ մասին բացասական կարծիք ձեւավորել: Ի՞նչ է նշանակում մոռացված: Այսինքն` հին խաղալիքներից հոգնեցիք, շպրտեցիք, անցաք նոր խաղալիքի՞: Չէ՞ որ այս պարագայում մարդու մասին է խոսքը: Այն մարդու, ով 1990-ականներին` այդ դժվարին տարիներին, իր ելույթներով ուրախացրել է մարդկանց: Ես եւ իմ սերնդակիցները հաստատ արժանի չենք նման բացասական վերաբերմունքի»,- վրդովմունք հայտնեց երգչուհին:
Նրան դուր չի գալիս մեկ այլ պիտակ եւս` «90-ականների երգչուհի»-ն. «Դա էլ են կպցրել ճակատներիս… Մենք հո չե՞նք մեռել-գնացել: 20 տարեկաններ կան, որոնցից իմ սերնդակիցներով ավելի երիտասարդ ու թարմ ենք երեւում»,-ասաց նա:
Կա կարծիք, թե Արփինեն ինքն է տարբեր հետաքրքրաշարժ, ուշադրություն գրավող լուսանկարներ տեղադրում համացանցում (օրինակ` բաց ոտքերով վերջին լուսանկարը, որը բավական քննարկվեց սոցցանցերում) կամ իր անձի շուրջ խոսակցությունների ալիք բարձրացնում` սեփական փիարի համար. «Ես ոչ թե փիար եմ անում, այլ փորձում եմ իմ կյանքի հետաքրքիր նորություններով եւ դրվագներով կիսվել երկրպագուներիս հետ: Եվ հետո թող իմանան, որ այդքան էլ «հին չենք»` մեր մարմինն էլ է տեղը, հագուկապն էլ»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԲԵՄ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ՀԱՐԲԱ՞Ծ
Համացանցում շրջանառության մեջ է դրվել մի տեսանյութ, որտեղ երգիչ Ռազմիկ Ամյանը համերգներից մեկի ժամանակ նախ երգում է «Չունի աշխարհը քեզ նման» երգը, ապա սկսում է ոչ հավասարակշիռ վարք ցուցաբերել: Նա իրեն հարազատ Ղարաբաղի բարբառով զրուցում է հանդիսատեսի հետ` չկարողանալով ձեւակերպել մեկ կապակցված միտք: Երգիչը տեսանյութում ասում է. «Թող խայտառակ լինեմ… ոչ ոք ինձ այս վիճակում չի տեսել…» եւ այլն: Այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ է ուզում Ռազմիկը, բայց այնպիսի տպավորություն է, որ նա բեմ է դուրս եկել ոչ սթափ վիճակում:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ, սակայն վերջինս անհասանելի էր:
Ի դեպ, այս թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանը: Ներկայացնում ենք նրա գրառման առավել ուշագրավ հատվածը. «Ի վերջո, փնտրեք հարցիս պատասխանը` ամիսներ առաջ նկարահանված տեսանյութը ինչո՞ւ հիմա պիտի հայտնվեր համացանցում»:

 

 

ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին մտադիր է վաճառել Ֆրանսիայում գտնվող իր կալվածքը: Wonderwall.com-ի փոխանցմամբ` Ջոլին ծրագրում է տեղ զբաղեցնել Լորդերի պալատում, իսկ բրիտանական խորհրդարանի վերին պալատի անդամ դառնալու համար պետք է, որ դերասանուհին ազատվի արտերկրում ունեցած անշարժ գույքից: Սակայն ամեն բան այնքան էլ հարթ չէ: Ջոլիի ամուսինը` Բրեդ Փիթը, դեմ է կալվածքը վաճառելուն, քանի որ բավական ջանք է գործադրել` այն վերակառուցելու համար:
 

ՄՈԴԻԼՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ
Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի նմուշների երեկոյան վաճառքը Christie’s աճուրդի տանը բերել է 25.6 մլն ֆունտ սթերլինգ եկամուտ, իսկ գլխավոր նմուշը դարձել է Ամեդեո Մոդիլյանիի կտավը: Ինչպես փոխանցում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն, Մոդիլյանիի աշխատանքը, որում նկարիչը պատկերել է իր սիրելի բնորդուհիներից մեկին` Խանկա Զբորովսկուն, վաճառվել է գրեթե 8.3 մլն ֆունտով` 5-7 մլն նախնական արժեքի դեպքում:




Լրահոս