Միջազգային կառույցները տեղեկացվել են, որ հունիսի 30-ին` ժամը 14:10-ին, ադրբեջանական զինուժը անկանոն կրակ է բացել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտակայքի հողատարածքներում ցորենի բերքը հավաքող խաղաղ բնակչության ուղղությամբ:
Նույն օրը Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին է ներկայացրել համապատասխան հայտարարությունը: Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ անվտանգության նկատառումներով հացահատիկի բերքահավաքը դադարեցվել է:
ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը խստորեն դատապարտել է Թալիշի խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու ապրելու և սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգությունները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները: Օմբուդսմենը կոչ է արել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին, հատկապես Ադրբեջանում գործող, ձեռնարկել համապատասխան քայլեր նմանատիպ պատահարները բացառելու համար:
«Արցախպրես»-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԼՂՀ գրասենյակի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը տեղեկացրել է, որ իրենք կանոնավոր կերպով բոլոր կողմերին հիշեցնում են խաղաղ բնակչության գործունեությունը հարգելու պարտավորության մասին, մասնավորապես, նմանատիպ կարևոր գործունեության, ինչպիսին է բերքահավաքը, և կոչ են անում պահպանել զգուշավորության հատուկ կանոններ:
«ԿԽՄԿ-ն օգտվում է հնարավորությունից` հիշեցնելու բոլոր կողմերին, որ ցանկացած դեպքում պետք է հստակ տարբերակում մտցնել քաղաքացիական բնակչության և զինվորականների նկատմամբ»,- ասել է նա:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունն էլ ադրբեջանական կողմին կոչ է արել «հրաժարվել հրահրող գործողություններից և որպես նշանակետ չառնել խաղաղ բնակչությանը, ովքեր աշխատում են իրենց հողատարածքներում, հակառակ դեպքում` ստեղծված իրավիճակի հետևանքների համար ողջ պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: