ԳՈՐԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ի առավոտյան Տավուշի մարզի Աչաջուր գյուղում պայթել էր դրանից մի քանի օր առաջ Ռուսաստանից Աչաջուր վերադարձած 56-ամյա գործարար Կամո Ղալթախչյանի «Toyota Gamri» մակնիշի ավտոմեքենան: Բարեբախտաբար, տուժողներ չեն եղել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 34/104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ նշանակվել են փորձաքննություններ: Դրանց արդյունքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ, նաեւ կպարզվի` ավտոմեքենայում տեղադրված է եղել 1, թե 2 նռնակ: Կ. Ղալթախչյանն Աչաջրի նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբայրն է: Նշենք, որ Կ. Ղալթախչյանի որդին՝ Ահարոնը, այժմ գտնվում է ազատազրկման վայրում: Վերջինս դատապարտվել է ՀՀ նախագահական նախորդ ընտրությունների օրը՝ 2008թ. փետրվարի 19-ին, Աչաջրի գյուղամիջում համագյուղացի Դավիթ Վարդումյանի սպանության գործով: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ այս քրեական գործով դեռ բացահայտում չկա, քննությունը շարունակվում է: Ըստ լուրերի` ավտոմեքենայի պայթյունը կարող է կապ ունենալ 2013թ. նոյեմբերի 17-ին Աչաջրում կայանալիք գյուղապետի ընտրությունների հետ կամ էլ լինել վրեժխնդրության արդյունք:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս