ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո Հովհաննես Հովսեփյանը երեկ տվել է իր գործունեության մեջ ամենաերկար հարցազրույցը՝ շուրջ 10 րոպե, որի կեսը վերաբերում էր իր նախորդի եւ նրա ընտանիքի բիզնես գործունեությանը: Ու կարելի է արձանագրել, որ Հովսեփյանը այս ամիսների ընթացքում մի բան լավ սովորել է՝ խուսափել կոնկրետ հայտարարություններ անելուց: Նա խոսում է ամեն ինչի մասին՝ ոչինչ չասելով կամ լավագույն դեպքում արտահայտելով մտքեր, որտեղ նորություն կամ իրականություն գտնելը անհույս զբաղմունք է:
Այսպես՝ Հովսեփյանը երեկ խոսել է ԱԺ-ում մեծ աղմուկով քննարկված ու քննադատված հարկային օրենսգրքի նոր փաթեթի մասին, որն, իհարկե, առաջին ընթերցմամբ ընդունվել է, բայց դժգոհություններ է հարուցել խորհրդարանի ինչպես գործարարությամբ, այնպես էլ քաղաքականությամբ զբաղվող պատգամավորների կողմից: ՊԵԿ նախագահը երեկ հայտարարել է, թե. «Կան որոշակի առաջարկություններ, նկատառումներ, չեմ ուզում մանրամասնությունների մեջ մտնել, փորձում ենք դիտողությունները, առաջարկությունները անել, նոր տանել ԱԺ: Մի բան կարող եմ վստահեցնել, որ նոր օրենսգիրքը մի նպատակ է հետապնդում՝ բարելավել բիզնես միջավայրի հավասար պայմանների ստեղծումը»:
Դե, իհարկե, բիզնես միջավայրի ստեղծման համար են որոշել գործադիրում այնքան խստացնել հարկատեսակները, որ մարդիկ ստիպված լինեն վաճառել ունեցվածքը եւ հեռանալ երկրից: Այս դեպքում արդեն կծաղկեն բոլոր այն ընտանիքները, որոնք որեւէ առնչություն ունեն իշխանական բուրգի հետ: Այնպես, ինչպես դասավորվել է կասկածելի կրթական անցյալով հայտնի Հովհաննես Հովսեփյանի կյանքը:
Երեկ, երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է լինում, որ մեր երկրում միլիոնավոր աղքատների կողքին հարուստ պաշտոնյաներ կամ պաշտոնյաների ընտանիքներ են ապրում, Հովսեփյանը ջանալով փրկել իր նախորդին՝ թիրախի սլաքն իր վրա վերցրեց ու իջնելով բարձրունքից՝ եւս մեկ անգամ պարզաբանեց. «2002-ին լրացրել եմ հայտարարագիրս՝ որպես նախագահականի կադրերի վարչության պետ, կտեսնեք, որ իմ հայտարարագրում 14 տարի հետո մեծ բան չի փոխվել: Դա կպցնել ինձ, որ ես հարստացել եմ կամ, չգիտեմ, կան մեծ գումարներ, փորձել դա համադրել պաշտոնների հետ, բացարձակապես չի համապատասխանում: Ամբողջ աշխարհը գիտի իմ եկամուտները որտեղից են…
Աստված տվել է, որ մեր ընտանիքը հարուստ ընտանիք ա, դրանով միայն հպարտ եմ»: Դե, իհարկե, հպարտանալու սահմանադրական իրավունքը ՊԵԿ նախագահից որեւէ մեկը չի կարող վերցնել, սակայն մի քիչ խորը մտածելու դեպքում Հովսեփյանը չպետք է հպարտանար, քանի որ 14 տարի լինելով պետական բարձրաստիճան պաշտոնյա՝ չի կարողացել նպաստել այնպիսի երկրի կայացմանը, որտեղ Աստծո անունը տալով միայն իշխող կլանն է հարստանում: