ՀԱՐՑ. Ինչո՞վ է բացատրվում բանկերում եւ փոխանակման կետերում փոխարժեքների էական տարբերությունը Կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքներից:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է ամեն օր` ժամը 15:45՝ հիմք ընդունելով տվյալ օրվա մինչեւ ժամ 15:30-ը ՀՀ ԿԲ հաշվետու սուբյեկտների կողմից իրականացված գործառնությունների միջին կշռված փոխարժեքը, որը, որպես կանոն, տարբերվում է առանձին բանկերի կողմից նշվող փոխարժեքներից: Բնականաբար, հաջորդ օրը եւս արտարժույթի շուկայում նոր զարգացումների արդյունքում հնարավոր են փոխարժեքի տատանումներ եւ շեղումներ արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքից, որոնք արդեն չեն կարող ազդել նախորդ օրվա հրապարակված գործող փոխարժեքի վրա:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես բոլոր առիթներով սիրում է կրկնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ամենակայացածը բանկային համակարգն է: Գուցե եւ այդպես է, սակայն խնդիրն այն է, որ մեր երկրում ոչ թե բանկային համակարգն է ծառայում պետությանը, այլ պետությունն ու քաղաքացիներն են ծառայում բանկերին, այդ թվում նաեւ փոխարժեքի փոխանակման հարցում: