ԵՎՐՈՆԵՐԸ ՇՈՐԹԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ իրավապահ համակարգի մի խումբ աշխատակիցներ շրջապատել են Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցը եւ խուզարկություն կատարել վերոնշյալ հասեցում գտնվող բնակարաններից մեկում: Գործողության դրդապատճառը եղել է Եվրամիության ծրագրերից մեկով հայաստանյան ոչ առեւտրային կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհը նպատակային չօգտագորելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախ՝ պաշտոնապես
Ինչպես հայտնի է՝ Հայաստանում դրամաշնորհները համարվում են անաշխատ եկամուտ, որ կարելի է ինչ-որ փաստաթղթեր ցույց տալ, ձեւական մաս ապահովել եւ գրպանել եվրոպական կամ որեւ այլ երկրից ստացված դրամաշնորհը ինչ-որ ծրագրի անվան տակ: Թերեւս այս վերաբերմունքը տարօրինակ չէ, քանի որ այդ վերաբերմունքը Հայաստանում ձեւավորվել է հենց իշխանական էլիտայի շնորհիվ: Իշխանության ամենաբարձր ներկայացուցիչների համար եւս գրանտները ամենահեշտ «ուտվող» գումարներն են համարվում:
Եւ, ահա, այս տարվա սկզբին Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ քննչական կոմիտեին էր հանձնել Եվրոպական միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային եւ աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, ըստ որի՝ ԵՄ ծրագրով հայաստանյան ոչ առեւտրային կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ յուրացվել է խոշոր չափերի գումար: Ավելի ուշ՝ մարտի 23-ին, նախաքննություն իրականացնող մարմինը հայտնեց, որ քաղաքացիներ Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Գեւորգ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2012 եւ 2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու միջոցով «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության անունից մշակել են «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անվամբ կեղծ ծրագիր եւ դրա շրջանակներում գործողություններ կատարելու պատրվակով ստացել եւ հափշտակել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Նկարագրված արարքները կատարելու կասկածանքով 2016 թվականի մարտի 22-ին 3-ն էլ ձերբակալվել էին:

Ինչպես է գործը գլուխ բերվել
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2012 թվականի գարնանը Տիգրան Սուքիասյանը դիմել է իր ծանոթ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանին եւ առաջարկել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հայտարարված ծրագրերով մշակել «հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անունով ծրագիր: Իսկ, ահա, ծրագիրը իրականացնելու հետագա գործընթացը հենց այնպես չէր լինելու, այլ դրա դիմաց իրենք բավականին կլորիկ գումար էին աշխատելու:
Արդյունքում, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Տիգրան Սուքիասյանը ծրագիրը իրականացնելու համար հանդիպել են «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմեն Բարեղամյանի հետ: Վերջիններիս խոսակցությունը այնպիսի ընթացք է ստացել, որ Արմեն Բարեղամյանը իր հետ հանդիպման եկած անձանց է փոխանցել կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, կնիքը եւ այլ կարեւոր թղթեր, որպեսզի գործը գլուխ բերվի:
Եվ, ահա, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը Տիգրան Սուքիասյանի հետ մշակել է «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անվամբ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով ծրագիրը, որում նշում են, թե իբր «Մարտունու ուսանողական խորհուրդ» ՀԿ-ն ունի նախկինում 60.000 եվրո, 45.000 եվրո գումարների չափով դրամաշնորհներ ստանալու եւ նմանատիպ ծրագրեր իրականացնելու փորձ:
Իսկ ինչպես էին նրանք ԵՄ-ին համոզել՝ իրականացնելու ծրագիրը մշակել: Ըստ էության, վերջիններս ներկայացրել են, թե, օրինակ, նախկինում ինչ գործեր է արել ՀԿ-ն, ինչ արդյունքներ են ունեցել, սակայն բոլորը եղել են «հնարովի»: Ահա, այդ «ֆիկտիվ» տվյալները ներկայացրել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ: Արդյունքում, 2012 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել է ծրագիրը իրականացնելու համար օգնել ՀԿ-ին, եւ մոտ 65 միլիոն դրամ փոխանցվել է «Մարտունու ուսանողական խորհուրդ» ՀԿ-ի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարին, որից հետո վերոնշյալ անձինք «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղից կանխիկացրել են 22.570.500 ՀՀ դրամ, ավելի ուշ մաս-մաս նաեւ մնացած գումարները:
Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ վերոնշյալ անձինք անգամ ԵՄ-ին ծրագիրը ներկայացնելուց հետո չեն փորձել հորինված ծրագրի հետքերը թաքցնելու համար հաշվետվություն տալ ԵՄ-ին, թե ինչպես ծախսեցին գումարը: Եւ, ահա, ԵՄ գրասենյակում՝ տեսնելով, որ հաշվետվությունն ուշանում է, եւ գրասենյակ դիմած ՀԿ-ի ներկայացուցիչները անհետացել են, որոշել է «թակել» իրավապահների դուռը :
Այսպիսով՝ 2016թ վերոնշյալ անձանց՝ Տիգրան Սուքիասյանին, Արմեն Բարեղամյանին, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գեւորգ Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշենք, որ այս օրերին գործով կալանավորված է միայն Տիգրան Սուքիասյանը, նրա գործընկերների նկատմամբ ընտրված է խափանման միջոց ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Խուզարկություն Էջմիածնում
Մեզ հասած տեղեկություններով՝ օրեր առաջ իրավապահների մի խումբ Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցում խուզարկություն է իրականացրել: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այդ հասցեում են բնակվում «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ժորա Գասպարյանը, «Նորագույն տեխնոլոգիաներ հանուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մնացական Գասպարյանը եւ «Ներդրումների պաշտպանության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Դիանա Գասպարյանը: Իսկ ովքե՞ր են նրանք: Իրավապահները բացահայտել են, որ Տիգրան Սուքիասյանը 2010-2013թթ. ընթացքում նշված մարդկանց անուններից ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հայտարարված դրամաշնորհի մրցույթներին մասնակցելու հայտեր է ներկայացրել, եւ տարօրինակ պայմաններում հորինված ծրագրերի համար ԵՄ-ից նրան խոշոր գումար են հատկացրել: Սակայն պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն կատարվել, գումարները յուրացվել են: Եւ հենց այդ գործով էլ իրավապահները շտապել են վերոնշյալ հասցե, որտեղ էլ ապրում են Մնացականյանները:
Վերջում հավելենք, որ ԵՄ-ից հափշտակված 65 միլիոն դրամը հավանաբար կկրկնապատկվի, քանի որ, ինչպես նկատում ենք, գործընթացին խառնվել են մի շարք ՀԿ-ներ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԵՐԿՈՒ ՎԱՐԿԱԾ
2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի Մեհրաբի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ երեկվա դրությամբ իրավապահ համակարգը բացառել է այն հանգամանքը, որ զինվորը հրազենային մահացու վիրավորումը ստացել է հակառակորդի կողմից: Ասել է, թե նախաքննություն իրականացնող մարմինը քննում է ինքնասպանության կամ սպանության հասցնելու վարկածը:
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Արսեն Մխիթարյանը Արմավիրի բնակիչ է, սովորել է Երեւանի պետական բժշկական համալսարանում, հետո ուսումը կիսատ է թողել եւ զորակոչվել է բանակ: Մի քանի արմավիրցիներ մեզ հետ զրույցում ասացին, որ Արսեն Մխիթարյանը խելոք տղա էր, եւ կատարվածը նրանց համար եւս զարմանալի է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ զինվորին մահացած վիճակում առաջինը հայտնաբերել է մարտական դիրքում հերթապահություն իրականացնող մեկ այլ զինծառայող: Սպանվածն իր գլխարկը հանած, մի կողքի դրած է եղել: Երբ իրավապահները հարցաքննել են նրա ծառայակից ընկերներին, նրանք միայն դրական կարծիք են հայտնել Արսեն Մխիթարյանի մասին՝ նշելով որ նա կոնֆլիկտային երիտասարդ չէր եւ խնդիրներ իրենց հետ երբեք չի ունեցել: Լուրեր կան, որ Արսեն Մխիթարյանի մոտ հեռախոս է եղել, ինչը, ամենայն հավանականությամբ, իրավապահները կստուգեն՝ հասկանալու համար, թե արդյո՞ք տղան ինքնասպանության է գնացել հեռախոսով խոսելուց հետո, թե այլ խնդիր կա:
Հավելենք, որ Մեհրաբի զորամասում բարոյահոգեբանական մթնոլորտը բավականին կասկածելի վիճակում է. համենայնդեպս, այդպիսի լուրեր են շրջում ինչպես բանակում, այնպես էլ դրսում:
Ի դեպ, երեկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տվյալներ էր ներկայացրել, ըստ որի՝ 2016 թ-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 136 շարքային եւ պայմանագրային զինծառայող, ինչպես նաեւ քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ: Նշենք, որ ըստ ՀՔԱ-ի՝ վերոնշյալ դեպքերից 8-ը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանք է եղել: Եվ, ահա, այս պատկերին գումարվեց եւս մեկը:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՀԵՐՁԵԼ
Armlur.am-ի տեղեկություններով` մահացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարեւաններից մեկը, սակայն վերջինիս հարազատներն ու հարեւանները, այդ թվում Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, չեն թույլատրել դիակը հերձել՝ պատճառաբանելով, որ քրիստոնյային վայել չէ: Վերջիններս, հակաճառելով ու վիճաբանելով ոստիկանների ու դատաբժիշկների հետ, պաթանատոմիական կենտրոնից դիակը տարել են: Այնուհետեւ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հանձնարարականով ոստիկանները գնացել ու դիակը տեղափոխել են դատաբժշկական դիահերձման: Ոստիկանության Կումայրի բաժին են հրավիրել նախկին քաղաքապետի որդուն՝ Սպարտակին, որն ասել է, թե ինքը որպես քրիստոնյա էր դեմ կանգնում դիահերձմանը, այլապես ոչ մի խնդիր չկա: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, որը, սակայն, թեմայի շուրջ որեւէ բան չի ասել, փոխարենը իր սովորության համաձայն՝ մեղադրական խոսքեր է հնչեցրել լրագրողների հասցեին: Այժմ Շիրակի մարզի քննչական վարչությունում հանկարծամահության դեպքով նյութեր են նախապատրաստվում՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում մահվան պատճառները պարզելու համար: Դիակի զննությամբ տեսանելի բռնության հետքեր չեն հայտնաբերվել:




Լրահոս