ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ Լոռու մարզի փաստաբանական համայնքը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ «Լոռու մարզում գործող 48 փաստաբաններս խստորեն քննադատում ենք ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի հետ կապված ՀՀ կառավարության անհեռանկար եւ անխոհեմ նախաձեռնությունը»: Իսկ նախօրեին էլ մի խումբ փաստաբաններ դիմել էին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ դժգոհելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մշակված օրենքի նախագծից: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանից պարզել, թե իրենք ինչպես են պատրաստվում հարցին լուծում տալ. «ՀՀ փաստաբանների պալատը պաշտպանելու է փաստաբանների շահերը: ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված օրենքների նշված նախագծերն ուղղակիորեն հակասում են փաստաբանության շահերին: Նշված նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում, պետական տուրքի անվան տակ իրականում լրացուցիչ հարկի գանձում են նախատեսում: Փաստաբանները ենթարկվում են ՀՀ-ում գործող հարկային ռեժիմին եւ որեւէ արտոնություն չունեն: Հետեւաբար, բացի ընթացիկ հարկերից՝ լրացուցիչ վճարներ գանձելը հարիր չէ իրավական եւ սոցիալական պետությանը: Նույն տրամաբանությամբ ՀՀ ԱՆ-ն կարող է կալանավայրերի սննդի հատուցման հարցն էլ դնել փաստաբանների վրա»:
ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
«Հանգստանալու եմ, առայժմ ոչինչ չեմ կարող ասել: Հիմա զբաղված եմ թոռներովս, խաղեր ենք սովորում, ինչը կորցրել ենք, հետ ենք բերում թոռնիկ-պապիկ հարաբերության մեջ, մնացածը ապագան ցույց կտա»,-News.am-ի հետ զրույցում ասել է համաներմամբ ազատ արձակված ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը` պատասխանելով ապագա պլանների մասին հարցին: Դիտարկմանը, թե թոռները հարցախեղդ չեն անում, թե որտեղ էիք, նա նշել է. «Իրենք գիտեին, որ ես բուժման եմ գնացել»:
ՁԳՁԳՈՒՄ ԵՆ
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կրկին հետաձգել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը։ Վերջինիս փաստաբան Արա Զաքարյանի գնահատմամբ` դատարանի այդ որոշումը կամայական է եւ օրենքին հակասող. «Իրական պատճառը գործի ավելորդ ձգձգումն է»։
505 ՀՈԳԻ ԱԶԱՏՎԵԼ Է
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ երեկ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներից ազատ է արձակվել 43 դատապարտյալ.
«Նուբարաշեն» ՔԿՀ՝ 4,
«Արթիկ» ՔԿՀ՝ 1,
«Էրեբունի» ՔԿՀ՝ 26,
«Կոշ» ՔԿՀ՝ 2,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ 6,
«Վանաձոր» ՔԿՀ՝ 1,
«Աբովյան» ՔԿՀ՝ 1 (կին դատապարտյալ),
«Հրազդան» ՔԿՀ՝ 2:
Ընդհանուր առմամբ, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներից համաներման կիրառմամբ ազատ է արձակվել 505 դատապարտյալ: