ԳՅՈՒՂԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է
ՀՀ Սյունիքի մարզի Անտառաշատ համայնքի 104 բնակիչ արտագաղթել է: Այս պահին համայնքում ապրում է 97 հոգի, իսկ դպրոցի աշակերտների թիը 9-ն է: Նշենք, որ գյուղում դպրոց չկա, ինչի պատճառով էլ երեխաները հաճախում են հարեւան՝ Օխտար համայնքի դպրոց: Անտառաշատի գյուղապետ Արսեն Դավթյանի խոսքով՝ տարիներ առաջ գյուղն ունեցել է 600 բնակիչ, իսկ աշակերտների թիվը 30-ից ավելի է եղել: «Դեռ մեկն էլ հետ չի եկել: Հակառակը, էժան-էժան վաճառում են տները: Որ ամոթ չլինի, ես էլ կգնամ, ուղղակի ծեր ծնողներ ունեմ: 73 հազար դրամով կարո՞ղ եմ չորս երեխա պահել, որից մեկն էլ ուսանող է: Գյուղում չորս-հինգ երիտասարդ ընտանիք ունեմ, բայց մի կերպ խաբելով պահում եմ, որ չգնան: Էն էլ լավ բան չեմ տեսնում: Ահա ապրիլի 7-ին գյուղի մի կնոջ 100-ամյակը պետք է նշեմ, բայց չգիտեմ, թե ոնց եմ անելու»,-մտահոգված նշեց դատարկվող գյուղի ղեկավարը:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ
Ճանաչված լրագրող եւ հրաշալի մարդ Գենոֆիա Մարտիրոսյանը (ընկերների համար պարզապես Ժենյա) իր ընկերների օգնության կարիքն ունի: Հանկարծահաս ծանր հիվանդությունը խաթարել է անվանի լրագրողի առողջությունը: Լրագրողական գործունեության ողջ ընթացքում իր անաչառ վերլուծություններով ու երկրի քաղաքական, հասարակական, սոցիալական խնդիրների հանդեպ սրտացավ վերաբերմունքով, մարդկանց օգնելու պատրաստակամությամբ մեր սիրելի Ժենյան այժմ ձեր օգնության կարիքն ունի: Նրա կյանքի միակ փրկությունը Գերմանիայի Քյոլնի հիվանդանոցում շտապ վիրահատությունն եւ բուժման կուրս անցնելն է, ինչի համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ` 60 հազար եվրո: Ժենյայի առողջության համար նվիրաբերված ցանկացած գումարային օգնությամբ կարող եք փրկել նրա կյանքը: Գենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը: 1984թ.-ից սկսած՝ աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Առավոտ» թերթերում: Եղել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետեւ՝ «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
Գումարը կարող եք փոխանցել Գենոֆիա Մարտիրոսյանի անվամբ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված հետեւյալ հաշվեհամարին` ՀՀ դրամով փոխանցումներ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ, հաշվի համար` 2050071639131001, ստացող` Գենոֆիա Մարտիրոսյան: