Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին, տեղեկացնում է ոստիկանության կայքը:
Ոստիկանության պետը շնորհավորել է Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոններ ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթեց աշխատանքի նոր բնագավառում:
Վլադիմիր Գասպարյանն այնուհետև ներկայացրել է ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արտակ Կարապետյանին:
ՀՀ ոստիկանապետը բարձր է գնահատել վաստակած հանգստի անցնող՝ ոստիկանության պետի տեղակալներ Սաշա Աֆյանի և Հովհաննես Հունանյանի գործունեությունը և անդրադառնալով ոստիկանության համակարգում Գլխավոր մասնագետների խումբ ստեղծելու ծրագրին՝ նշեց, որ բոլոր վաստակաշատ սպաները այդ ծրագրի իրագործումով շարունակելու են մնալ շարքում՝ իրենց հարուստ փորձը ծառայեցնելով նոր ոստիկանության ձևավորմանը:
Ոստիկանության պետը հավելել է, որ համակարգի նոր հերթափոխը ոչ միայն պատրաստ է կենսագործելու այդ փորձառությունը, այլև լավագույն ավանդույթների իրական ժառանգորդն է, ինչի վկայությունը ոստիկանության Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենատն, համակարգում ընդամենը մեկ տարի ծառայող Նարեկ Ստեփանյանի սխրանքն է:
Օրեր առաջ երիտասարդ սպան իր կյանքը վտանգելով՝ փրկել է ջրահեղձ լինող աղջնակին: Նարեկ Ստեփանյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով արժանացել է ոստիկանության ամենաբարձր պարգևին՝ “Սխրագործության համար” մեդալի:
Հանդիպման ավարտին Սաշա Աֆյանն ու Հովհաննես Հունանյանը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն են հայտնել իրենց վաստակի գնահատման համար և աշխատանքային հաջողություններ մաղթել ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներին: