Համացանցում՝ liveauctioneers.com կայքում, ԱՄՆ-ից ինչ-որ մեկն աճուրդի է հանել հայկական միանգամից 3 ձեռագիր: Ընդ որում, դատելով համացանցում տեղադրված լուսանկարներից՝ երեքն էլ ամբողջական են ու բավական լավ պահպանված: Դրանք թվագրված են 1500-1600-ականներին: Ձեռագրերից երկուսի մեկնարկային գինը 4000, իսկ մեկինը` 5000 ԱՄՆ դոլար է: Աճուրդը պետք է կայանա վաղը` հոկտեմբերի 17-ին: «Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ փորձել է Մատենադարանից իմանալ` արդյոք իրենք տեղյակ են այդ ձեռագրերից, եւ եթե այո, ապա Մատենադարանը պատրաստվո՞ւմ է գնել դրանք` թույլ չտալով, որ հայտնվեն անհայտ անձանց մոտ: Սակայն այդպես էլ որեւէ պատասխան չի եղել. Մատենադարանից մեր թղթակցին հայտնել են, որ տնօրեն Հրաչյա Թամրազյանը երեկ է վերադարձել Ֆրանսիայից, խոստացել են ավելի ուշ հեռախոսը փոխանցել նրան: Սակայն երբ պայմանավորված ժամին մեր թղթակիցը զանգահարել է Թամրազյանին, նա չի պատասխանել հեռախոսազանգերին: Թերեւս այսպիսի փութաջանությամբ էլ նրանք պետք է աճուրդին մասնակցեն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ