ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱԼԱՆՔԸ ՉՓՈԽՎԵՑ
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը հրապարակել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու հայցով վճիռը` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այսպիսով՝ վճռի բացակայության պատճառով Վ. Ավետիսյանի վրա համաներումը չի կարող կիրառվել, եւ նա ստիպված է լինելու եւս երկու ամիս մնալ կալանքի տակ։

ԻՐ ԿԱԴՐԵՐԻՆ
ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն առաջիկա օրերին կազատվի զբաղեցրած պաշտոնից եւ նախարարության մի քանի այլ աշխատակիցների հետ նոր պաշտոն կստանա ՀՀ գլխավոր դատախազությունում: «Երբ կլինի գլխավոր դատախազի գրավոր հրամանը պաշտոնապես նշանակելու մասին, մենք այդ մասին կտեղեկացնենք»,-«Առավոտ»-ին ասել է գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Այսպիսով` Գեւորգ Կոստանյանը, ով ժամանակին աշխատել է ԱՆ-ում, իր կադրերին տեղափոխում է գլխավոր դատախազության համակարգ:

ԿԱՊԱՀՈՎԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ոստիկանությունում քննարկվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումն իր եւ իր ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ: Փոստանջյանը ոստիկանությունում հանդիպում է ունեցել, որից հետո ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն:

ԹԵՄԱ ԵՆ ԳՏԵԼ
Մի շարք ազատամարտիկներ եւ հ/կ-ների ներկայացուցիչներ այսօր՝ ժամը 11-ին, Թամանյանի արձանի մոտից երթով շարժվելու են մինչեւ կառավարության շենք` պահանջելով գենդերային օրենքի փոփոխություն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ Լալա Ղազարյանի ու Ֆիլարետ Բերիկյանի հրաժարականները: Երթի կազմակերպիչները պնդում են, որ կառավարության կողմից «գենդեր» բառն օրենքից դուրս բերելը չի փոխում օրենքի էությունը, իսկ իրենց պայքարը ոչ թե բառերի դեմ է, այլ բովանդակության:

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Նախօրեին Ֆրանսիայում ձերբակալել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլուն: Այս տարվա փետրվարի 25-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել էր հեռակա կարգով կալանավորել Կեզերաշվիլուն` կապված նրա դեմ ժամանակին հարուցված մի քանի քրեական գործերի հետ: Պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու եւ էթիլ սպիրտի մաքսանենգությանն աջակցելու մեջ:




Լրահոս