Մարդիկ գնացել են կենաց-մահու պայքարի, սա պատահական բան չէ․ Գուրգեն Եղիազարյանը` զինված հարձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Երևանում տեղի ունեցող դեպքերի շուրջ զրուցեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ։

– Պարո′ն Եղիազարյան, ինչպե՞ս կորակեք Երևանում տեղի ունեցող դեպքերը։ Նման կերպ պահանջներ ներկայացնելը ճի՞շտ եք համարում։

– Ընդհանրապես մենք վատ ժամանակներ ենք ապրում Հայաստանում, և այս քայլն էլ դրա ապացույցներից մեկն է։ Մարդիկ լավ կյանքից չեն գնացել այդ քայլին։ Պետությունը լուրջ անելիքներ ունի, լուրջ պետք է մտորի այս ամենի շուրջը։ Մարդիկ գնացել են կենաց-մահու պայքարի, սա պատահական բան չէ։ Հասուն մարդիկ, որ գնացել են այդ քայլին, արդեն իսկ կանխատեսել են ամեն ինչ և նույնիսկ այդ պայմանում գնացել են այդ քայլին։

– Իսկ պատկան մարմինների քայլերը որո՞նք պետք է լինեն այս դեպքում։

– Պետությունը տվյալ դեպքում ունի որոշակի ծրագիր, որն իրականացվում է։ Դա անխոս է։ Իհարկե, նման դեպքում դիմում են գործողությունների, բայց պատանդներ կան և այստեղ պետք է լրջագույնս մտածեն ցանկացած արարքի համար, ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն, որ խնդիր չառաջանա։ Պետք է լավ մտածեն ցանկացած քայլի շուրջ, որպեսզի հնարավորինս քիչ զոհեր լինեն։

– Այսինքն, իրավիճակի երկու կողմերն էլ գործողություններից առաջ պետք է լա՞վ մտածեն։ 

– Մենք Ձեզ հետ միասին ապրում ենք հիվանդ հասարակությունում, իսկ հիվանդ հասարակությունում նման գործողություններ լինում են։ Ապրում ենք հիվանդ երկրում, հիվանդ են մեր իշխանությունները, այդպես չեն կառավարում երկիրը։

– Իսկ այդպիսի հարձակում իրականացնո՞ւմ են։

– Եթե համախոհ լինեի, ես հիմա կլինեի իրենց հետ։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս