Լոռիում կրկին գայլերի հարձակման դեպքեր են գրանցվել: Այս անգամ, կենդանիներից բացի, գայլերը վնասել են նաեւ գյուղի բնակիչներին:
Մարզի Հալավար համայնքում գայլերը գիշերով հոշոտել են Վահրամ Բաբայանին պատկանող 5 խոշոր եղջերավոր անասունի: Առավոտյան արդեն կենդանիներից միայն կաշին ու ոսկորներն էին մնացել: Վահրամ Բաբայանը նշեց, որ տանը 5 անձ է կերակրում, ո՛չ աշխատանք ունի, ո՛չ էլ ապրուստի ուրիշ միջոց: Եկամտի միակ աղբյուրը հոշոտված կենդանիներն էին: Այս ընտանիքին գայլը պատճառել է շուրջ 800.000 դրամի վնաս, որի փոխհատուցման մասին առայժմ ոչ մի խոսք չկա: Հալավարի ղեկավար Սարգիս Հակոբջանյանի ներկայացմամբ՝ գայլերի հարձակումներն ամեն օր կրկնվում են: Գյուղապետը մտավախություն ունի, որ գայլերը կարող են հարձակվել եւ վնասել նաեւ մարդկանց: Մինչ Հալավարում մտահոգվում են այս մասին, Լոռու մարզի մեկ այլ՝ Կաթնաջուր համայնքում գայլը հարձակվել է գյուղի բնակչուհիներից մեկի վրա, որին տեղափոխել են հիվանդանոց: Հենց նույն օրը՝ երեկոյան, գայլը կրկին հայտնվել է գյուղում, հարձակվել Սուրեն Առուշանյանի տան վրա, կրծոտել դուռը, ապա հարձակվել Յուրա Առուշանյանի անասնագոմի վրա: Վերջինս եղբոր՝ Սուրենի օգնությամբ կարողացել է տապալել գայլին, որն այդ ընթացքում հասցրել է վնասել Յուրայի ձեռքերը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ գայլին՝ գնդակահարել:
Այն, որ վերջին տարիներին գայլերի` բնակելի տարածքներ ներխուժման դեպքերը հաճախակիացել են, ընդ որում ոչ միայն Լոռու մարզում, այլեւ ողջ հանրապետությունում, փաստում են գրանցված տվյալները: Փոխմարզպետ Արսեն Դարբինյանի խոսքով՝ հարկավոր է հատուկ ծրագիր մշակել նման դեպքերը կանխելու համար: Հարկավոր է նաեւ տուժած բնակիչներին օգնություն ցուցաբերել: Սակայն մինչ օրս տուժած գյուղացիներից որեւէ մեկը օգնություն չի ստացել: Փոխմարզպետը, այնուամենայնիվ, նշեց, որ ամեն դեպքում իրենք իրենց գործն անում են՝ հանձնաժողով են ուղարկում, ակտավորում են անում եւ տվյալներն ուղարկում կառավարություն: Բայց հիմա, ըստ փոխմարզպետի, պետության միջոցները սուղ են, եւ ծայրահեղ դեպքերում է օգնություն ցուցաբերվում: Փոխմարզպետի կոչը անասնապահներին մեկն է` զգոն լինել հատկապես այս սեզոնին, երբ գայլերը, անտառներում իրենց համար կերակուր չհայթայթելով, իջնում եւ հարձակվում են անասունների, անգամ մարդկանց վրա:
Լոռի