ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱ՞Ծ Է ԱՇԽԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու ծառայության ինն ամիսների գործունեությունն ու ներկայացնելու հետագա անելիքները: Ասուլիսի ընթացքում նա հայտարարեց, որ Թուրքիան բարձր ռիսկայնություն ունեցող երկիր է, ինչի պատճառով էլ թուրքական ապրանքները ներմուծվում են բացառապես լաբորատոր փորձաքննության հիման վրա:
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009թ. սեպտեմբերի 15-ի հրամանով արգելվել էր թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներկրումը ՀՀ: Սակայն այս տարի գյուղնախարարի հրամանով արգելքը հանվեց: Պատճառն այն է, որ Հայաստանն ու Թուրքիան անդամակցում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, որը համապատասխան չափորոշիչներ է պարտադրում: Բացի այդ՝ ՍԱՊԾ-ը ներդրել է ՀՀ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանություն, եւ երկրում առկա են ներկրման ժամանակ սննդամթերքի ստուգման համար անհրաժեշտ գործիքակազմ ու լծակներ:
Այսուհետ արգելվում է առանց ուղեկցող փաստաթղթերի բեռի ներմուծումը Հայաստան, մինչդեռ նախկինում առանց ուղեկցող փաստաթղթերի բեռներ ներկրվում էին, ավելին, ներմուծողն իրավունք ուներ դա անել միայն լաբորատոր փորձաքննության եզրակացության հիման վրա: ՍԱՊԾ պետը, սակայն, չնշեց գեթ մեկ օրինակ, երբ ռիսկայնության պատճառով թուրքական ապրանքն արգելվել է սահմանին:
Ասուլիսի ընթացքում քննարկվեց նաեւ այն հարցը, որ Հնդկաստանից Հայաստան ներմուծվող եւ իրացվող գոմեշի միսը չի մակնշվում որպես գոմեշի միս: Այս խնդրի վերաբերյալ Բախչագուլյանը հավաստիացրեց, որ գոմեշի միսը ենթարկվում է անվտանգության հետ կապված ստուգումների: «Դեբատները շարունակվում են, եւ տնտեսվարողներն էլ պնդում են, որ գոմեշը խոշոր եղջերավոր կենդանի է, եւ մակնշման մեջ նշվում է` խոշոր եղջերավոր կենդանու միս»,-հայտարարեց Բախչագուլյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք դա սպառողին չի մոլորեցնում: «Անհրաժեշտություն կա քննարկել եւ դրույթներ ամրագրել ինչ-որ իրավական ակտով, որովհետեւ ծառայությունը դատողությունների հիման վրա չի կարող արգելել կամ թույլատրել այս կամ այն արտադրությունը: Եթե այսօր մակնշած է, որ դա խոշոր եղջերավորի միս է, ճիշտ է` ոչ թե տավարի, այլ գոմեշի, ապա դա օրենքի խախտում չէ»,-հարցին պատասխանեց Բախչագուլյանը՝ ընդգծելով, որ ինքը կօգտագործի գոմեշի միս, քանի որ այն անվտանգ է:
Ասուլիսի վերջում Բախչագուլյանը պատասխանեց «Ժողովուրդ»-ի հարցերին:
-Պարո՛ն Բախչագուլյան, Ձեր գործունեությունից դժգոհ է ե՛ւ սպառողը, ե՛ւ արտադրողը: Դրա վառ օրինակներից մեկն էլ վերջերս «Երեւան կաթ» ընկերությունում պաղպաղակի արտադրության խախտումների հետ կապված դեպքն է: Դուք հայտարարեցիք, թե խախտումներ եք արձանագրել, իսկ ընկերության ներկայացուցիչները հակառակն էին պնդում:
-Ես ժողովրդական բանահյուսություններին եւ ժողովրդի կարծիքին պատասխան չեմ տալիս, այսինքն՝ դժգոհ են կամ գոհ են: Ինչ վերաբերում է մեր գործողություններին, դրանք միտված չեն արտադրողին գոհացնելուն կամ չգոհացնելուն. դրանք միտված են իրավական դաշտի սահմաններում անվտանգություն ապահովելուն: «Երեւան կաթ»-ի այդ խմբաքանակն արգելվել է, եւ նրանք պարտավոր են դա շուկայից հանել: Իսկ ինչ վերաբերում է նրան՝ արդյոք դա ճիշտ է, թե ոչ, ապա դատական կարգով թող բողոքարկեին:
-Ինչպե՞ս է ստացվում, որ լաբորատորիաներում ձեր կողմից արված փորձաքննություններով խախտումներ են արձանագրվում, իսկ ընկերության կողմից արված փորձաքննությունների արդյունքները դրական են:
-Ցանկացած պարագայում ցանկացած գործողություն իրականացնելիս պետք է իմանալ այդ գործողության ընթացակարգերը: Նմուշի տեղափոխումը եւս ընթացակարգով է իրականացվում: Արդյունքում եզրակացություն է տրվում ոչ թե տվյալ նմուշի, այլ ողջ խմբաքանակի համար, եւ եթե ինչ-որ մեկը գնա, մի բան վերցնի, տանի լաբորատորիա եւ ստուգի ու հայտնաբերի, որ ոչ մի խախտում էլ չկա, չի նշանակում, որ դա խմբաքանակին է վերաբերում: Կա նմուշառման, կետային մեթոդիկա, այսինքն՝ ցանկացած պարագայում ցանկացած գործողություն իրականացնելիս պետք է հասկանաս այդ գործողության իմաստը, հետո դա իրականացնես: Նաեւ տեղափոխման հետ է կապված, նմուշի տեղափոխումը ծառայության կողմից պատշաճ է իրականացվում: Նմուշը տեղափոխվում է սառնարաններում եւ սառցարաններում, այլ ոչ թե պատահականորեն: Ես նորից կրկնում եմ՝ ես այս կամ այն դժգոհությունների կամ գոհությունների համար չեմ պատասխանատու, ես պատասխանատու եմ համակարգի համար:
-Այնուամենայնիվ, խոսակցություններ կան, որ Դուք թիրախավորված եք աշխատում, այսինքն՝ եթե պատվեր ունեք, ապա ստուգումներ եք իրականացնում, եթե պատվեր չունեք, ապա ոչինչ չեք անում:
-Ես խոսակցություններ չեմ մեկնաբանում: Նման բան չկա:
-Եվ վերջում մի հարց` կոնտեքստից դուրս: Վերջերս «կամուֆլյաժ» հագած դասալիք նախարարների մասնակցությամբ զորավարժանքներին Դուք էլ էիք մասնակցում: Ինչպես հայտնի է, Դուք եւս չեք ծառայել հայոց բանակում, որքանո՞վ էր տեղին զինվորական հագուստով դասալիքների այդ «կամուֆլյաժային հանդեսը»:
-Ես հայոց բանակում չեմ ծառայել մինչեւ պաշտոնյա լինելը: Իսկ թե ինչու չեմ ծառայել, կարող եք գնալ եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից իմ մասին հարցնել: Ես բանակում չեմ ծառայել եւ միանգամից ասպիրանտուրա չեմ ընդունվել, այլ պաշտպանության նախարարի կողմից տարկետում եմ ստացել: Այն ժամանակ, որպես ուսանող, չեմ հարել ոչ մի շարժման եւ ոչ մի գործողություն այլ դաշտերում չեմ իրականացրել, սովորել եմ: Իսկ որտե՞ղ է գրված, թե կամուֆլյաժ ով պետք է հագնի, ով` ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս