«ՔՉԵՐԸ ԳԻՏԵՆ, ՈՐ ՉԵՄՊԻՈՆ ԵՄ ԵՂԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների դատին հանձնել բլից-հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Դրանց շրջանակներում վերջիններս աչքի կընկնեն իրենց անկեղծ խոստովանություններով, քչերին հայտնի դրվագների բացահայտմամբ: Այս անգամ մենք զրուցել ենք հումորիստ-դերասան Վաչե Թովմասյանի հետ:

-Վաչե՛, Ձեր անունն ընտրել է…
-Մայրիկս: Ասեմ, որ իսկական անունս Վաչագան է, բայց բոլորն ինձ Վաչե են ասում:
-Մեկը, ումից միշտ սովորում եք:
-Ես միշտ աշխատում եմ տարբեր մարդկանց հետ շփվել, որոնք արժանի են հարգանքի` իրենց աշխատասիրության եւ համառության շնորհիվ, որ նրանցից սովորելու բան ունենամ: Առհասարակ, իմ ընկերներն իրենց ոլորտի հաջողակ մարդիկ են:
-Յուրահատուկ շնորհ, որ ունեք, եւ որի մասին քչերը գիտեն:
-Քչերը գիտեն, որ ես պատանեկության շրջանում ուժեղ լողորդ էի, 15 տարեկանում Հայաստանի չեմպիոն եմ եղել: Հիմա արդեն միայն իմ հաճույքի համար եմ լողով զբաղվում:
-Ուտեստ, որ սիրում եք պատրաստել:
-Գոյություն չունի մի բան, որ կարողանում եմ պատրաստել (ծիծաղում է): Ես ստեղծում եմ միջոցներ, որոնց շնորհվ կարողանում եմ ձեռք բերել իմ ուզած ուտելիքը:
-Ասացվածք, որի հետ համաձայն չեք:
-«Մի՛ ունեցիր հարյուր դահեկան, ունեցի՛ր հարյուր բարեկամ»: Համաձայն չեմ այնքանով, որ մարդ չի կարող ունենալ 100 բարեկամ, ավելի կոնկրետ նկատի ունեմ` ընկեր…
-Բեմի մարդը երբեք չպետք է…
-Անլուրջ վերաբերվի իր աշխատանքին:
-Բեմը կհամեմատեք…
-Օդապարիկով թռիչքի հետ. բեմ դուրս գալն իրոք ադրենալին է: Իսկ հուզմունքը, որ զգում ես դրանից առաջ, նույնիսկ օգնում է, եթե դա չլինի, հնարավոր է՝ մի բան չստացվի:
-Ձեր մարմնավորած ամենահաջող կերպարը:
-Կարծում եմ` ժողովրդի կողմից ամենասիրված կերպարը «Վիտամին»-ի շրջանակներում կերտած գավառցի տատիկն է: Մինչեւ հիմա մարդիկ ցիտում են նրա խոսքերը:
-Նպատակ, որից չեք կարողանում հրաժարվել:
-Ես իմ առջեւ երբեւէ մեծ նպատակներ չեմ դնում, որովհետեւ այդ դեպքում դրանց հասնելուց հետո միշտ հիասթափություն ես ապրում: Նախընտրում եմ իմ առաջ դնել փոքրիկ «նպատակիկներ» եւ քայլ առ քայլ հասնել դրանց:
-Երբ փորձում են Ձեզ կոտրել…
-Եթե մարդը իր նպատակին լուրջ է վերաբերվում, կողմնակի գործոններից չի կոտրվի:
-Ձեր անվան շուրջ պտտվող ամենածիծաղելի բամբասանքը:
-Օրինակ` այն, որ ասում էին, թե ես իբր աղանդավոր եմ:
-Մի երեւույթ շոու-բիզնեսում, որի հետ այդպես էլ չհաշտվեցիք:
-Որ բոլորը «մտերիմ են»… Իրար տեսնում են ու սկսում` «վա՜յ», «վու՜յ», «ամա՜ն»:
-Մարդու մեջ առաջինը գնահատում եք…
-Բարությունը:
-Կանանց շրջանում Ձեզ նյարդայնացնում է…
-Ոչ միայն կանանց, այլեւ բոլոր մարդկանց դեպքում չեմ կարողանում հանդուրժել ստելու հակվածությունը:
-Մեկը, ում մոտ մխիթարվում եք:
-Կինս:
-Ձեզ կարող է նեղացնել այն մարդը, ով…
-Ով ինձ շատ մտերիմ է. անծանոթը դա չի կարող: Պետք է շատ հարազատ մարդ լինի, որ իմ զգացմունքների վրա ազդեցություն ունենա:
-Աշխարհ, որտեղ լիաթոք հանգստանում եք:
-Գրեթե չի լինում, որ լիաթոք հանգստանամ, բայց, առհասարակ, ծով եմ սիրում, «ջրային» մարդ եմ:
-Սիրելիի հետ պատրաստ եք անգամ…
-Ամեն ինչի եմ պատրաստ:
-Հարց, որը Ձեզ շատ է տանջում:
-Արդյո՞ք ամբողջ աշխարհը պատկանում է մասսոններին, եւ այն կառավարում են մի քանի հոգի, եւ արդյո՞ք տարբեր երկրների ղեկավարներ իրականում պարզապես խամաճիկներ են:
-Ձեր կյանքը կարելի է համարել ստացված, եթե…
-Եթե ինձ հաջողվի տեսնել իմ երեխաների բարեկեցիկ կյանքը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ»
Պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը, ով արդեն 2 տարի է՝ դասավանդում է Համազգային մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության «Գայանե» պարարվեստի դպրոցում, վերջերս ժամանել է Երեւան: Նա եկել է հոկտեմբերի 1-ին կայանալիք իր հրաժեշտի երեկոյի նախապատրաստական աշխատանքներով զբաղվելու: Ժակլինը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ հոտեմբերից հետո չի ներկայանալու որպես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստուհի, բայց եթե թատրոնից դուրս ինչ-որ համերգների մասնակցելու ցանկություն ունենա, գուցե պարի: «Ինձ համար այժմ ավելի հետաքրքիր է ներկայացումներ բեմադրել եւ դասավանդել: Կարծում եմ` անհրաժեշտ է ճիշտ ժամանակին հեռանալ բեմից: Բոլորն ասում են, որ դեռ 5 տարի էլ կարող էի պարել, բայց հեռանալն իմ որոշումն է»,-ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք` օպերային թատրոնի գործունեությունը կողքից դիտելով` Ժակլինը ինչ մտորումներ է ունենում, արդյոք կան բացեր, որոնք հարկավոր է լրացնել. «Գիտեք` ինձ թվում է` մեր թատրոնը անկում է ապրում, այնտեղ բալետի մասով մի քիչ պասիվ վիճակ է: Շատ կուզենայի, որ խաղացանկը թարմացվեր, ավելի շատ բալետային ներկայացումներ բեմադրվեին: Օրինակ` տեսեք` հիմա ամառ է, իսկ այնտեղ ոչ մի ներկայացում չկա: Ես, իհարկե, հասկանում եմ, որ այժմ բեմադրական գործընթաց է, բայց կուզենայի դրան զուգահեռ ներկայացումներ մատուցվեին: Չէ՞ որ այս սեզոնին, օրինակ, զբոսաշրջիկները, որոնք ցանկություն ունեն մշակութային օջախներ այցելելու, մեզ մոտ մեծ թիվ են կազմում»,-մեկնաբանեց պարուհին:
Նա սիրով հիշեց այն տարիները, երբ թատրոնում շաբաթը 4-5 անգամ հանդես էին գալիս ներկայացումներով. «Առավոտյան մանկական ներկայացումներ ունեինք, իսկ երեկոյան` մեծերի համար նախատեսված: Ահա, դա է այսօր պակասում մեր թատրոնին: Ամեն դեպքում, ես լավատես եմ, հուսով եմ, որ ղեկավարությունը այդ հարցը կլուծի: Անհրաժեշտ է վերականգնել մի շարք գործեր, իսկ դրա համար ֆինանսներ են պետք: Իմ միակ ցանկությունն այն է, որ մեր թատրոնը լինի առաջատարի դերում, որովհետեւ այն իմ տունն է, կյանքիս մի զգալի ժամանակահատված ես այնտեղ եմ անցկացրել»,-հավելեց Ժակլինը:
Մեր այն հարցին, թե առաջիկա տարիներին իր գործունեությունը որտեղ է պատրաստվում ծավալել` Հայաստանում թե Լիբանանում, պարուհին պատասխանեց. «Ես ե՛ւ այստեղ եմ, ե՛ւ այնտեղ: Պատրաստվում եմ նաեւ մեկնել հյուրախաղերի, հավանաբար սեպտեմբերին»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս