ArmLur.am-ի զրուցակիցն է ՌԴ քաղաքական և ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը:
– Պարո′ն Խրամչիխին, թերևս տեղյակ եք, թե ինչ դրություն է տիրում Երևանում: Մոսկվան ինչպե՞ս է վերաբերում այստեղ տիրող իրավիճակին:
– Ես կարծում եմ, որ սա Հայաստանի ներքին խնդիրն է: Ինձ բավական բարդ է դատել, թե ինչն ինչպես է: Բայց ես չեմ կարծում, թե դա կարող է շատ լուրջ ապակայունացնել իրավիճակը Հայաստանում: Ռուսաստանում նույնպես բոլորը հասկանում են, որ իրավիճակը չի կարող շատ լրջանալ, սա ավելի լոկալ իրավիճակ է և ոչ ավելին:
– Հայաստանում խոսում են վնասազերծման տարբեր մեթոդների մասին, ընդհուպ միչև «չերեմուխա»-ի օգտագործում: Այսպիսի դեպքերում առհասարակ ի՞նչ մեթոդների է պետք դիմել:
– Ես կարծում եմ, որ Ռուսաստանում այս խնդրի լուծումը կտրվեր հենց առաջին օրը` ուժային տարբերակով: Նույնիսկ այլ տարբերակի մասին քննարկում չէր էլ արվի:
– Իսկ հնարավո՞ր է օգտագործվի Նորդ-Օստի փորձը:
– Չեմ կարծում այդ փորձն օգտագործվի, քանի որ մասշտաբները լրիվ այլ են: Այնտեղ մեծ սրահ էր, բազմաթիվ մարդիկ, տեղադրված ռումբ, իսկ այս դեպքում ամեն ինչ այլ է, տարածքն է փոքր, պատանդների թիվը նույնպես և կարծում եմ այդպիսի քայլերի դիմելն ավելորդ է:
– Այսպիսի դեպքերում առհասարակ ինչպիսի՞ ելքեր կարելի է սպասել:
– Ինձ համար դժվար է պատկերացնել, որ Հայաստանի իշխանությունները կգնան զիջումների և կընդունեն զինված խմբի պահանջները: Վերջ ի վերջո, կամ պետք է ուժային լուծում լինի, կամ էլ ստիպեն հանձնվել, ես այլ տարբերակ չեմ տեսնում: Ես չեմ կարող ասել, թե այդ ամենը որքան երկար կարող է տևել, մեկ անգամ ևս կրկնեմ, որ Ռուսաստանում այս ամենը կկարգավորեին ընդամենը մեկ օրում և դա իսկապես ճիշտ կլիներ:
Նաիրա Հովհաննիսյան