ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ օրեր առաջ Բրյուսելում Հայ դատի գրասենյակի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը, որտեղ նշեց ՀՀ ահագնացող արտագաղթի տեմպերի արդյունքում ՀՀ անվտանգությանը սպառնացող և բացարձակ անկառավարելի դարձած գործընթացի մասին, որին արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ պատրաստ է համագործակցության ու լսել ցանկացած քննադատություն, հետևաբար հորդորեց այն ուղղել անձամբ իրեն և ԱԺ: ԵՀՄՖ ղեկավարությունը այդ առթիվ հայտնում է իր գոհունակությունը և ընդունում առաջարկությունը՝ տալով իր առաջին արձագանքը ԱԺ-ում ընթացող կարևորագույն գործընթացներին:
վրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը, արձանագրելով ՀՀ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված “Զբաղվածության մասին” օրենքի փոփոխությունը՝ գործազրկության նպաստ վերացնող օրինագիծը, որի արդյունքում ՀՀ կառավարությունը պատրաստվում է հունվարի 1-ից վերացնել ամսական 18 հազար դրամ գործազրկության նպաստը, որակում է այն պառլամենտական մեծամասնության հերթական չգիտակցված և անհասկանալի քայլ, իսկ այդ գործընթացին զուգահեռ պետական պաշտոնյաների աշխատավարձերի կրկնապատկման օրինագծի շրջանառության դնելը՝ որպես ՀՀ քաղաքացու շահերի նկատմամբ արհամարհանքի հերթական դրսևորում ու իրավիճակի անհամարժեք գնահատում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այսօր երկրում կան 70 հազարից ավելի (իսկ իրականում մի քանի անգամ առավել) գրանցված գործազուրկներ, որոնցից 10 հազար հայրենակից ստանում են 18 հազար դրամ նպաստ և նրանց զրկելով եկամուտի միակ աղբյուրից, կխախտվի Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն հռչակված սահմանադրական դրույթը՝ վերածելով երկիրը պետպաշտոնյաների բացարձակ ամենաթողության դրսևորման պետության: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը կոչ է անում ԱԺ ղեկավարին և իր թիմակիցներին սթափվել ու կասեցնել երկու օրենքների ընթացակարգային գործընթացը, հակառակ պարագայում այն մի նոր “ազդակ” կհաղորդի արդեն գոյություն ունեցող գաղջ մթնոլորտին՝ հետևաբար արտագաղթի ահագնացող տեմպին: