220 ՀԿ դատապարտում են ճգնաժամային իրավիճակում իշխանությունների գործելակերպը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա Ծռեր» միավորման կողմից ս.թ. հուլիսի 17-ին իրականացվեց զինված հարձակում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, ապստամբություն հայտարարվեց եւ ներկայացվեցին քաղաքական պահանջներ:

Տեղի ունեցածը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, առաջին հերթին՝ ընտրությունների, խորը ճգնաժամի, իշխանությունների կողմից մարդու իրավունքների, հանրային կարծիքի ու շահերի արհամարհման, երկրի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը երաշխավորելու անկարողության, բոլոր ոլորտներում մենաշնորհների, կոռուպցիայի արմատավորման, քաղաքական բանտարկյալների առկայության, ահագնացող արտագաղթի, բարոյահոգեբանական մթնոլորտի շիկացման անմիջական հետեւանքն է: Այս մասին ասված է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ)Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Մենք՝ ավելի քան 220 ՔՀԿ միավորող ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, գիտակցելով երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, առաջիկայում դեռ կտանք կատարվածի վերաբերյալ մեր մանրամասն ու սկզբունքային գնահատականը: Միեւնույն ժամանակ, հարկ ենք համարում բոլորի ուշադրությունը հրավիրել երկու խնդրի վրա, որոնք անհապաղ լուծում են պահանջում:

Ազգային, պետական շահերից ելնելով՝ «Սասնա Ծռեր» միավորման գրոհից հետո ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի: Հուլիսի 17-ի եւ հաջորդող օրերի բախումների արդյունքում արդեն կա մեկ զոհ ու բազմաթիվ վիրավորներ, եւ խիստ կարեւոր է, որ բռնությունների շղթան անվերապահորեն կասեցվի:

Այդ առումով ՀՀ իշխանություններից պահանջում ենք հստակ երաշխիքներ, որոնցով բացառվի իրենց կողմից ուժային գործողությունների նախաձեռնումը: Նույն կոչով դիմում ենք նաեւ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված անձանց:

Այս օրերին մենք ականատեսը, իսկ ոմանք նաեւ՝ տուժածները դարձան իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքների զանգվածային խախտումների: Մասնավորապես՝

Ապօրինի, առանց որեւէ ողջամիտ հիմնավորման, հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ անչափահասներ, տարեցներ, կանայք, ենթարկվել են բռնությունների, օրենքով չնախատեսված հետապնդման եւ ազատազրկման:
Բազմաթիվ են եղել հիմնավոր ահազանգերն ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների եւ խոշտանգումների մասին:
Գտնվելով մեկուսացման մեջ՝ քաղաքացիները զրկվել են սննդից, իրավական օգնության (փաստաբանի հետ տեսակցելու) եւ պատշաճ բժշկական օգնության իրավունքից, ինչպես նաեւ մտերիմներին իրենց գտնվելու վայրի մասին տեղեկացնելու հնարավորությունից:
Հանրապետության տարածքում սահմանափակվել է ազատ տեղաշարժի եւ խաղաղ հավաքների իրավունքը, արձանագրվել են լրագրողների հանդեպ բռնությունների եւ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքեր:
Ելնելով վերը շարադրածից` Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է այս ճգնաժամային իրավիճակում ՀՀ իշխանությունների գործելակերպը եւ պահանջում է.

– անհապաղ դադարեցնել քաղաքացիների նկատմամբ ուժային գործողությունները՝ ազատ արձակելով բոլոր բերման ենթարկածներին,

– կարճ ժամկետներում (ոչ ավելի, քան մեկ ամսվա ընթացքում), համագործակցելով իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իրականացնել ծառայողական հետաքննություններ եւ պատասխանատվության ենթարկել ապօրինի հրամաններ արձակողներին ու կատարողներին,

– մինչեւ ս.թ. սեպտեմբերի վերջը ձեւավորել իշխանություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության խմբեր, որոնք կանդրադառնան հասարակությանը հուզող կարեւոր հիմնախնդիրներին:

Հաշվի առնելով, որ վերջին օրերին ուժային կառույցների սանձարձակ պահվածքը պայմանավորված է նաեւ նախորդ տարիներին նրանց անպատժելիությամբ, առավել քան արդիական է դառնում 2008թ. մարտի 1-ի, 2015թ. հունիսի 23-ի եւ այլ դեպքերի առնչությամբ կոծկված կամ արհեստականորեն ձգձգվող հետաքննություններն օրինական ավարտին հասցնելը:

ՀՀ իշխանությունների կողմից սույն հայտարարության հարցադրումներին մոտակա օրերի ընթացքում համարժեք արձագանքի բացակայությունը մեզ բոլոր հիմքերը կտա ենթադրելու, որ նրանք գիտակցաբար ստեղծված անընդունելի իրավիճակից ելք փնտրող հայաստանցիներին այլ ընտրություն չեն թողնում, քան քաղաքացիական անհնազանդության դիմելը»:




Լրահոս