ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 75 տարեկան եմ, 2-րդ կարգի հաշմանդամ: Ունեմ շողացող առիթմիա, երիկամային խրոնիկական անբավարարություն, 12-մատյա աղիքի խոց, անոթային խնդիրներ, տարել եմ ինֆարկտ: Իմ դեղորայքի վրա ծախսում եմ ամսական 20.000 դրամ: Գնում եմ կորդիովալ, կոնկորդ, լեզրեֆրիզ, կոպտոպրիլ դեղերը: Արդյո՞ք պոլիկլինիկան չի կարող որոշակի զեղչերով ինձ տրամադրել այդ դեղերի գոնե մի մասը: Ինձ տեղեկացնում են, որ նշված դեղերը հումանիտար օգնության մեջ չկան: Բայց այլեւս չեմ կարողանում ձեռք բերել ինձ անհրաժեշտ դեղերը:

Գոհար Հակոբյան (75 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 23.11.2006թ. N 1717-Ն որոշմամբ եւ ՀՀ առողջապահության նախարարի 27.01.2005թ. N47-Ն հրամանով, համաձայն որոնց՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խմբերին դեղերով ապահովում է սպասարկող պոլիկլինիկան՝ համապատասխան մասնագետի նշանակմամբ (դեղերի դուրսգրումն իրականացվում է «ՀՀ հիմնական դեղերի ցանկ»-ին համապատասխան): Նշված դեղերի համարժեք փոխարինողներն ընդգրկված են «ՀՀ հիմնական դեղերի ցանկ»-ում, հետեւաբար քաղաքացի Հակոբյանը՝ որպես 2-րդ խմբի հաշմանդամ, ընդգրկված է վերոհիշյալ սոցիալական խմբերի ցանկում եւ իրավունք ունի օգտվել անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից:
Հայտնում եմ, որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 27.01.2005թ. N47-Ն հրամանի 5-րդ կետի՝ «Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին՝ ըստ բժշկական ցուցումների»՝ անկախ սոցիալական խմբերի պատկանելությունից, հետեւաբար քաղաքացին պետք է դիմի իրեն սպասարկող պոլիկլինիկա, ստանա բժիշկ-մասնագետի համապատասխան նշանակումները, որոնք հիմք կհանդիսանան հարցման մեջ հիշատակված դեղերի կամ նրանց համարժեք փոխարինողների անվճար տրամադրման համար:

ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար
Սուրեն Քրմոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ սպասարկող պոլիկլինիկան այս ամբողջ ընթացքում խաբել է քաղաքացուն` հավաստիացնելով, թե այդ դեղերը հումանիտար օգնության մեջ չկան: Արդյո՞ք հրապարակումից հետո էլ կշարունակեն պնդել, որ տիկին Գոհարը չի կարող օգտվել անվճար դեղեր ստանալու արտոնությունից:




Լրահոս