ՍՐԸՆԹԱՑ ՀԵՏ
Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուշադրություն էր հրավիրել շինարարության ոլորտում ծավալների անկմանը՝ ասելով, թե կառավարությունը մշակել է այդ ոլորտի խթանման ծրագրեր: Նա նույնիսկ երեք կետ էր առանձնացրել ու հնչեցրել: Վարչապետի հայտարարությունից մեկ ամիս անց, սակայն, պետք է փաստենք, որ այդ ոլորտում եթե խթանում եղել է, ապա խթանվել է անկումը, եւ այդ մասին է խոսում պաշտոնական վիճակագրությունը: Դատե՛ք ինքներդ. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-օգոստոսին շինարարության ոլորտում անկումը կազմել է 8.5 տոկոս, իսկ ահա հունվար-սեպտեմբեր ամիսներին անկումը հասել է 9.2 տոկոսի: Փաստորեն, եթե վարչապետը ցանկանում է կարգավորել որեւէ ոլորտ, ապա ճանապարհը մեկն է՝ նա պետք է պարզապես հեռու մնա այդ ոլորտից, այլապես արդյունքը միշտ հակառակն է լինում:
ԴԱՏԱՎՈՐԸ ՉԿԱ
Հոկտեմբերի 12-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը մի խումբ քաղաքացիներից գումարներ է վերցրել եւ չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբել է: «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած պարուսույց Նունե Մկրտչյանը պատմել էր, որ դատավոր Աիդա Հովհաննիսյանը 2012թ. օգոստոսին իր՝ Օրբելու 6 հասցեում գտնվող բնակարանը վաճառել Է Նունեին, սակայն մինչ օրս չի լքում տարածքը: Իսկ ոստիկանությունն այսօր վերջին ժամկետն է տվել դատավորին: Երեկ՝ մեզ հետ զրույցում, Նունեն ասաց, որ դատավորին չի կարողանում գտնել. «Զանգահարում եմ, չկա, մինչդեռ պետք է իմ բնակարանի բանալիներն ինձ հանձներ, ու եթե վաղը (այսօր) նա չհայտնվի, ես պետք է փոխեմ բնակարանի փականը: Ինձ տեղեկություններ են հասել, որ Աիդան հիվանդանոցում է, իսկ թե որքանով է ճիշտ, չգիտեմ»:
ՀՐԱԺԱՐՎԵ՞Ց
«Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից:
ՉԵՆ ԽԱՌՆՎՈՒՄ
Նախօրեին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի ունեցած լեզվակռվի գլխավոր մեղավորը եղել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Ծառուկյանը քննադատության է ենթարկել սպորտի նախարարին, նրա գործունեությունը, Բաղդասարյանն էլ փորձել է պաշտպանել, ինչից հետո էլ Գ. Ծառուկյանի կողմից սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել: «Ժողովուրդ»-ը փորձեց Յուրի Վարդանյանի մամլո խոսնակ Սյուզի Բադոյանից պարզել, թե նախարարն ինչպես է այդ հարցին վերաբերում: «Նախարարն այդ հանդիպմանը ներկա չի գտնվել, այդ իսկ պատճառով ես չեմ կարող որեւէ բան մեկնաբանել»,-նշեց մեր զրուցակիցը: