«Սասնա ծռեր» խմբին աջակցելու և օժանդակելու կասկածանքով ձերբակալությունները շարունակվում են:
Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են նոր ձերբակալություններ և բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց ևս մեկ խումբ:
Այսօր հայտարարությամբ հանդես եկավ քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ վեց անձի մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների մասնակցելու համար, իսկ 3-ին՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Մինչ օրս եղան բազմաթիվ ձերբակալություններ: Ձերբակալվածների մի մասը, սակայն ազատ է արձակվել: Այսօր 15 ժամ ՁՊՎ-ում գտնվելուց հետո ազատ արձակվեց քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը, ով կասկածվում էր զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:
Մինչ օրս հայտնի դարձած տվյալների եզրահանգմամբ՝ Խորենացու փողոցում տեղի ունեցած ակցիաների մասով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: Ոստիկանների նկատմամբ բռնության կիրառման մեջ մեղադրվում է 6 անձ, ևս վեցը ձերբակալվել է:
Քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի շրջանակներում ձերբակալվածներ չկան:
Իսկ ակցիաներից և բողոքի ցույցերից դուրս խմբին օժանդակելու մասով ձերբակալվածների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ: Պարբերաբար նոր անուններ են հրապարակվում: Քիչ առաջ, օրինակ, հայտնի դարձավ, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայր` ազատամարտիկ Արարատ Խանդոյանը կալանավորվել է: Հստակ մեղադրանքը դեռևս հայտնի չէ: Վերջին անուններից է նաև խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի դստեր՝ Տաթևիկ Պետրոսյանի անունը: