Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին պաշտոնական այցելությամբ Թբիլիսի ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Ողջունելով հյուրին՝ Վրաստանի Նախագահը գոհունակությամբ ընդգծեց, որ միշտ հաճելի է բարեկամ Հայաստանից բարձրաստիճան հյուրեր ընդունել և քննարկել երկու հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների առավել զարգացման հնարավորությունները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի Նախագահին փոխանցեց Հայաստանի Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները և տեղեկացրեց Թբիլիսիում իր ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքների մասին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձան տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին:

Էդվարդ Նալբանդյանը Գեորգի Մարգվելաշվիլիին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ինչը հնարավորություն կընձեռի առաջ մղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։

Նախագահ Մարգվելաշվիլին խնդրեց իր լավագույն բարեմաղթանքներն ու հարգանքի հավաստիքը փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։




Լրահոս