ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին սենսացիոն հարցազրույց էր տվել ռուսական Life.ru հեռուստաալիքին, որտեղ ասել էր հետևյալը. «Թքած Հայաստանի վրա: Ո՞ւմ է պետք Հայաստանը»:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Ռուսաստանի Դաշնության քաղաքական գործիչներից ոմանք, այդ թվում` Ժիրինովսկին, շատ դեպքերում հայտնում են այնպիսի տեսակետներ, որը որ ցանկանում են հայտնել շատերը, սակայն չեն կարողանում: Այդ արհամարհական արտահայտությունը մեր նկատմամբ ոչ այնքան Ժիրինովսկու, քան Ռուսաստանի Դաշնության ղեկավարների տեսակետն է, որը հայտնում են հենց Ժիրինովսկու միջոցով»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այնպես չի, որ թքած ունեն Հայաստանի վրա, որովհետև Հայաստանում կան ռուսական ռազմաբազա, ռուսական տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ունեն իրենց բիզնես շահերը:
«Սակայն կարող ենք ասել, որ դա մի քիչ կոպիտ էր, ըստ էության Ռուսաստանն ուզում է հասկացնել Հայաստանի իշխանություններին, որ ինչ էլ անեք, միևնույն է մեզնից բացի ձեզ ոչ-ոք չի ընդունելու և Ձեր այս ներքաղաքական խաղերը կապված ցույցերի, Ղարաբաղի հետ, դրանով մեզ չեք խաբի»,-հավելեց նա:
Լիդա Եղիազարյան