ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՄԱՐՄԻՆԸ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի` միասնական քննչական մարմին (ՄՔՄ) ստեղծելու կարգադրությունից (սեպտեմբերի 25-ին) անցել է մոտ մեկուկես ամիս, սակայն առայժմ այդ կառույցի գործունեության հետ կապված նորություններ չկան: Հիշեցնենք, որ ՄՔՄ ղեկավար էր նշանակվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որին Ս. Սարգսյանը դրանից օրեր առաջ պաշտոնանկ էր արել եւ այս նոր նշանակմամբ փորձել սիրտը շահել:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որ փուլում են միասնական քննչական մարմնի ձեւավորման աշխատանքները: Պարզեցինք, որ այս ընթացքում ընդամենը որոշվել է, թե որ օրենքներում պետք է փոփոխություններ կատարվեն, որպեսզի այս մարմինը լիարժեք գործի: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՄՔՄ անդամ Արամ Թամազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում թվարկեց այն օրենքները, որտեղ պետք է փոփոխություններ կատարվեն:
««Հանրային ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հատուկ քննչական մասին» օրենքում, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում, «Կենսաթոշակների մասին» օրենքում, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին» օրենքում, Քրեական դատավարության օրենսգրքում, Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Տնտեսական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին: Հիմա այս ամբողջ փաթեթը արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ դրված է շրջանառության մեջ, կարծիքները ստանալուց հետո հետագա գործընթացը կշարունակվի»,-նշեց մեր զրուցակիցը` մանրամասնելով, որ այդուհետ փաթեթը կուղարկվի կառավարություն, ապա՝ Ազգային ժողով:
Հիշեցնենք, որ այդ փաթեթն Աղվան Հովսեփյանի ղեկավարած խումբը կազմել էր աննախադեպ արագությամբ` նշանակումից հաշվված օրեր անց: Սակայն, ինչպես տեսնում ենք, գործընթացն ինչ-ինչ պատճառներով դանդաղում է, եւ առայժմ հստակ չէ այս մարմնի  ձեւավորման ճակատագիրը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս