ՄՕԿ-Ը «ՍՈՎՈՐՈՒՄ Է» ՖԻՖԱ-ԻՑ
Արդեն քանի տարի է, ինչ պայմանավորված խաղերի եւ խաղադրույքների հետ կապված խնդիրները դարձել են հիմնականում ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի քննարկումների թեմա։ Այդ խնդրին անմիջապես առնչվեց նաեւ հայկական ֆուտբոլը, երբ հայ մրցավարները դատապարտվեցին խաղադրույքներ կատարելու եւ խաղի ընթացքում միտումնավոր 11-մետրանոց հարվածներ նշանակելու համար։
Եվ ահա, ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) լրատվության բաժինը, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը Լոզանի շտաբ-բնակարանում իր ընտրվելուց հետո անցկացրել է երկրորդ նիստը, որի մասնակիցները որոշել են ստեղծել պայմանավորված մրցամարտերի եւ անօրինական խաղադրույքների դեմ պայքարը համակարգող ստորաբաժանում: Նոր կառույցը կառաջնորդվի այնպիսի կազմակերպությունների փորձով, ինչպիսին ՖԻՖԱ-ն է: Բացի այդ` ՄՕԿ-ում կստեղծվի նաեւ խորհրդատվական աշխատանքային խումբ, որը կզբաղվի համաշխարհային սպորտի մրցաշարերի անցկացման օրացույցի կարգավորմամբ:
«ԿԱՏԱՂԱԾ ՑՈՒԼԸ» ԿԱՏԱՂԵԼ Է
2007թ. աշխարհին գրեթե անհայտ ֆիլիպինցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նոնիտո Դոները նոկաուտով սենսացիոն հաղթանակ տարավ մինչ այդ պարտություն չկրած Վիկի (Վախթանգ Դարչինյան) նկատմամբ։ Այդ մենամարտից հետո մեր հայրենակիցը բազմիցս ռեւանշի է հրավիրել ֆիլիպինցուն, բայց վերջինս տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է մենամարտել «Կատաղած ցուլի» հետ։
Եվ ահա, նոյեմբերի 9-ին Տեխասում վերջապես կիսաթեթեւ քաշային կարգում նորից ռինգ դուրս կգան մեր հայրենակիցն ու ֆիլիպինցին։ Մենամարտից մոտ տասն օր առաջ Վիկը մասնավորապես ասել է. «Շատ կարեւոր մենամարտ է ինձ համար։ Լավ եմ մարզվում։ Լավագույն մարզավիճակում կլինեմ։ Ամեն ինչ կարգին է, երջանիկ եմ։ Մեքսիկացի Օսկար Վալդեսի հետ սպարինգ-մենամարտը շատ կարեւոր էր, քանի որ նա Դոներից ավելի արագ է։ 6 տարի առաջ ես ստեղծեցի Դոներին։ Ոչ ոք նույնիսկ չէր լսել նրա մասին, Դոները 9 թեկնածուներից ընդամենը 8-րդն էր։ Բոլորը գիտեն, որ եթե Դոները չկատարեր ձախ հարվածը, նոկաուտի կենթարկեի նրան։ Դա իմ առաջին պարտությունն էր, սակայն դրանից հետո կրկին դարձա չեմպիոն եւ բոլորին ապացուցեցի, որ Դոների հետ մենամարտում ես սխալվեցի։ Պատրաստվում եմ նոկաուտի ենթարկել մրցակցիս։ Այս անգամ չեմ կրկնի սխալներս, կօգտագործեմ վարպետությունս։ Գիտեմ, որ նա վախեցած ճուտիկ է, ես կապացուցեմ դա։ Ես եմ նրան ստեղծել, ես էլ կոչնչացնեմ։ Պատրաստվում եմ նրան թոշակի ուղարկել, հաղթել 2012-ի լավագույն մարտիկին, ապացուցել բոլորին, որ Դոները ոչ ոք է»։