Սարի թաղում բախումների գործով նոր մեղադրանք առաջադրվեց. այս պահին ՀՔԾ քննիչը պատրաստվում է դիմել դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2016թ. օգոստոսի 10-ի դրությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործության հետևանքով տուժել է 20 լրագրող, որոնցից 17-ը քրեական գործով արդեն ճանաչվել են տուժող և հարցաքննվել են: Նրանց առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 2 լրագրող դեռևս չի ներգրավվել քննությանը՝ քաղաքից բացակայելու պատճառով, ևս 1-ը հայտարարել է, որ այդ օրն իրեն որևէ վնաս չի պատճառվել:

Հիշյալ դեպքերի ընթացքում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու կասկածանքով 2016թ.  օգոստոսի 10-ին ձերբակալվել են երկու քաղաքացիներ:

ArmLur.am-ի տեղեկություններով` նշված քաղաքացիներին կալանավորելու միջնորդությամբ ՀՔԾ քննիչը այս պահին դիմում է Արաբկիրի դատարան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` երկուսին առաջադրվել է մեղադրանք ոչ միայն լրագրողների մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու, այլև խմբով խուլիգանություն կատարելու համար:




Լրահոս