ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱԲՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) գործունեությունից բողոքող հերթական քաղաքացին` Վարդան Հովսեփյանը` նշելով, որ կազմակերպությունը փաստաթղթերի կեղծման միջոցով իրենից հավելյալ 400.000 դրամ է ցանկանում գանձել:
«Տանս վերանորոգումն անելու համար «Նորվիկ»-ից վարկ վերցրի՝ մոտ 1 մլն դրամ: Հետո ամեն ամիս պարտաճանաչորեն մարում էի վարկս, բայց երբ վերջին փոխանցումը պիտի անեի, անակնկալի եկա, ասացին` ինչ վերջին, դեռ 500 հազար դրամ պիտի վճարես»,-ներկայացրեց Վ. Հովսեփյանը: Նրա խոսքով` փաստելու համար, որ իրականում դեռ 500 հազար դրամ պարտք ունի, իրեն ներկայացրել են մի պայմանագիր, որն իր ստորագրածը չի եղել. դրա կետերը որոշակիորեն այլ կերպ են ձեւակերպված եղել, ու, ամենակարեւորը, այդ կետերի տակ եղել է ոչ թե իր, այլ նմանեցված, կեղծված ստորագրություն: Ընդ որում, այս կեղծ պայմանագրի մեջ իր վճարելիք գումարը 400 հազար դրամով ավել է ներկայացված եղել:
«Լավ, հիմա ես ի՞նչ անեմ. նույնիսկ իրենց մոտի այդ սուտի պայմանագիրը ձեռքս չեն տալիս, որ կարողանամ ապացուցել, փորձում են խաբել ինձ: Միայն պարբերաբար զանգահարում են ու ասում՝ շատ շուտով գալու են տանս եղած-չեղածը տանեն գումարի դիմաց»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նեղսրտեց քաղաքացին:
Երբ փորձեցինք կապ հաստատել «Նորվիկ» ՈՒՎԿ-ի հետ, լսելով որ լրագրողի հետ են խոսում, միանգամից հեռախոսն անջատեցին ու այլեւս չպատասխանեցին մեր զանգերին:  Նշենք, որ սա արդեն այդ կազմակերպության` լրագրողների հետ հաղորդակցվելու գործելաոճն է դարձել:
Դիմեցինք նաեւ Հայաստանի առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների գործունեությունը համակարգող մարմին` Կենտրոնական բանկ (ԿԲ), որի հասարակայնության հետ կապերի վարչությունից կոնկրետ այս եւ նմանատիպ դեպքերի կապակցությամբ «Ժողովուրդ»-ին փոխանցեցին. «Բոլոր այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ խաբվել են այս կամ այն բանկից, վարկատու կազմակերպությունից, թող անմիջապես դիմեն ԿԲ՝ վերահսկողության վարչություն: Մեր ֆինանսական համակարգի հաշտարարն ամեն ինչ կանի խնդիրը լուծելու համար»: ԿԲ-ից նաեւ հավելեցին, որ հաշտարարի վարած գործերից 70%-ը փակվել է ի շահ դիմած քաղաքացիների:
Վերջում նշենք, որ սա «Նորվիկ» ՈՒՎԿ-ի գործունեությունից դժգոհության առաջին դեպքը չէ. կազմակերպության կողմից խաբված լինելու ահազանգերով եւ օգնության խնդրանքով   «Ժողովուրդ»-ի խմբագրություն են դիմել բազմաթիվ քաղաքացիներ: Նրանցից Վարդան Հովսեփյանի, Տիգրան Հովհաննիսյանի, Գայանե Աբրահամյանի եւ Սուսաննա Այվազյանի դեպքերին արդեն անդրադարձել ենք: Հուսանք, որ այսուհետ մեր քաղաքացիներն առնվազն ավելի ուշադիր կլինեն նման կազմակերպությունների հետ իրենց փոխհարաբերություններում:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս