Մինսկի խմբում լավ գիտեն Ղարաբաղի հարցում Թուրքիայի միակողմանի դիրքորոշման մասին. միջնորդությունն ուղղակի չկայացող է. Վլադիմիր Կազիմիրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

– Պարո’ն Կազիմիրով, Սարգսյան-Պուտին վերջին հանդիպումից ի ՞նչ տպավորություն ստացաք: Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նախադրյալներ տեսնո ՞ւմ եք:

– Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումները, ինչպես և Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, առավել ևս եռակողմ ֆորմատով նրանց հանդիպումներն ու քննարկումները ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում կարևոր նշանակություն ունեն: Դրանք անգնահատելի են, եթե նույնիսկ դրանց արդյունքում կոնկրետ հարցերի վերաբերյալ առաջընթաց չի լինում, որքան էլ դա պարադոքս է թվում: Հարցն այն է, որ այդ հանդիպումներն էականորեն բարդացնում են ռազմական գործողությունների վերսկսումը, իսկ դա հիմա ամենագլխավորն է: Կոնֆլիկտի կողմերը ճկունություն չեն ցուցաբերում, որը ձգձգում է կարգավորումը, իսկ նոր պատերազմում երկկողմանի մահերն ու կորուստներն ուղղակի անընդունելի են: Բացի այդ, ավելի կդժվարանա կարգավորման գործընթացը:

– Իսկ Ձեր կարծիքով, Պուտինի հանդիպումներն Ալիևի, Էրդողանի և Սարգսյանի հետ փոխկապակցված են միմյանց հետ:

– Եթե դիտարկենք ղարաբաղյան հակամարտության հարցում, ապա անկասկած կապ գոյություն ունի, բայց ավելի շատ կապ գոյություն ունի Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ:

– Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը հայտարարեց, որ հետագայում էլ պատրաստ է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ նա:

– Թերևս հայկական կողմի դիրքորոշման հստակեցման մասին է խոսքը և այդ առումով պետք չէ զարմանալ: Բանակցային գործընթացը ոչ մեկ անգամ է հանդիպել կողմերից մեկի հրաժարվելուն և դա այն դեպքում, երբ ամեն ինչ ոչ միայն նախօրոք որոշված է եղել, այլ նաև համաձայնեցված և պաշտոնապես ստորագրված: Այդ պատճառով պայմանավորվածություններին հավատարիմ լինելու մասին խոստումներն այս գործընթացում պետք է գնահատել: Սակայն կողմերից մեկն արդեն վաղուց մոռացել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Լավ է, որ ապրիլին և դրանից հետո համանախագահները ոչ մեկ անգամ հիշեցրեցին 1995թ. ձեռք բերված համաձայնության մասին, որը նա վաղուց մոռացել էր:

– Իսկ Թուրքիայի` Ղարաբաղյան կոնֆլիկտի գործընթացում ակտիվ դերակատարություն ունենալու մասին հայտարարություններն ի՞նչ հետևանք կարող են ունենալ: Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի հնարավորություն և դա ինչի՞ կարող է հանգեցնել:

– ԵԱՀԿ Մինսկի խմբում լավ գիտեն Ղարաբաղի հարցում Թուրքիայի միակողմանի դիրքորոշման մասին: Այդպիսի հիմքի վրա միջնորդությունն ուղղակի չկայացող է: Կարծում եմ, որ դա ընդունելի չէ նաև հայկական կողմի համար: Անկարան ի վիճակի՞ է ետ կանգնել իր նախկին դիրքորոշումից, միանգամայն խնդրահարույց է: Կոնֆլիկտի տարածքին աշխարհագրական առումով մոտ լինելը բավարար չէ միջնորդական առաքելության համար:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը: Ի՞նչ պետք է նրանք անեն, որ չեն անում:

-Ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլև կոնֆլիկտի բոլոր կողմերը պետք է փնտրեն երկկողմանի ընդունելի փոխզիջումներ և առավել ճկունություն դրսևորեն: Ցավալի է, որ հակադիր կողմը հավատարիմ է կոշտ մաքսիմալիստական դրսևորումների, հստակ անհասանելի դիրքերի, որը միայն բարդացնում է փոխզիջումներ գտնելը:

– Իսկ դուք ինչպե՞ս եք տեսնում կոնֆլիկտի լուծումը, Ձեզ համար կա՞ որևէ սխեմա:

– Խորապես համոզված եմ, որ կոնֆլիկտի խելամիտ լուծումը պետք է և կարող է գտնվել: Եթե ոչ վաղը կամ մյուս օրը, ապա նոր իշխանությունների կամ նոր սերնդի դեպքում: Կարևոր նախապայմանը պատերազմի բացառումն է. միան այդ դեպքում ունակ կլինեն փնտրել և գտնել ռեալ փոխզիջումներ:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս