ԴԱՀԿ-ն արձագանքել է ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո ծառայությունը, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության 15.11.2013 թվականի “Ըստ քաղաքացու հաղորդման` հարկադիր կատարողը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասե վերնագրով տեղեկատվությանը, հայտնում է. 
Թիվ ԿԴ3/0360/02/10 քաղաքացիական գործով կայացրած դատարանի վճիռը ի կատար ածելու պարտականությունը կատարելիս ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողը պարտապան Է.Մ.-ին պատշաճ կերպով ծանուցել է իրեն և իր ընտանիքի անդամներին համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: Պարտապան Է.Մ.-ի ներկայությամբ կազմվել է արձանագրություն, որը նա հրաժարվել է ստորագրել՝ պատճառաբանելով անհամաձայնությունը դատարանի վճռին:
Տեղեկատվության մեջ հիշատակված անշարժ գույքի գնահատված արժեքը համաձայն փորձագետի եզրակացության կազմել է ոչ թե 40 մլն դրամ, ինչպես ՀՔԾ-ին հայտնել է քաղաքացի Դ. Մ.-ն, այլ՝ 14 մլն 209 հազար դրամ:
Տեղեկացնում ենք նաև, որ մյուս համասեփականատերերը նույնպես ծանուցված են եղել աճուրդի մասին և ստացել են գումարի իրենց մասնաբաժինները, քանի որ համաձայն դատարանի վճռի բռնագանձում է տարածվել միայն պարտապան Է. Մ.-ի բաժնեմասի վրա:




Լրահոս