Ժամանակից շուտ քարոզչություն սկսելը բարոյական չեմ համարում. Կապանի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

-Ինչպես գիտենք, սույն թվականի հոկտեմբերի 2-ին Կապան քաղաքում կայանալու են ՏԻՄ ընտրություններ: Չնայած դեռևս երկար ժամանակ կա, սակայն մամուլում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ն կրկին առաջադրելու է Ձեր թեկնածությունը։ Այո՞:

– Այո՛, ես եւս հաստատում եմ, որ ՀՀԿ-ն որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում որպես Կապան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել իմ թեկնածությունը:

– Պարո՛ն Հայրապետյան, Կապանի քաղաքապետի ընտրությունների մասին մամուլում արդեն իսկ տարբեր հրապարակումներ կան, ակնհայտ քարոզչություն կա որեւէ թեկնածուի օգտին կամ՝ հակաքարոզչություն Ձեր դեմ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ նյութերը:

– Պատշաճ չեմ համարում, երբ ժամանակից շուտ, երբ դեռ ոչ միայն չի սկսվել օրենքով սահմանված քարոզարշավը, այլեւ նույնիսկ չեն սկսվել թեկնածուների առաջադրումն ու գրանցումը, հանդես են գալիս քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ, զբաղվում բամբասանքների տարածմամբ:

Իսկ ես ինքս հակված չեմ հանրային կարծիքի ձեւավորման համար սեւ տեխնոլոգիաների կիրառմանը եւ հակաքարոզչության նաեւ հետագայում, երբ կլինի օրենքով սահմանված բուն նախընտրական շրջանը: Կարծում եմ՝ ճիշտ եւ քաղաքակիրթ քարոզչությունը ինքդ քեզ եւ քո կատարածն ու անելիքները ներկայացնելն է, այլ ոչ՝ մրցակցիդ պիտակավորելը:

– Ինչպիսի՞ մթնոլորտ է այժմ Կապանում, իրո՞ք այն «թեժ» եւ «շիկացած» է , ինչպես մատուցվում է:

– Չեմ կարծում, թե հատկապես փոքր համայնքներում, որտեղ գրեթե բոլորը կապված են միմյանց ազգակցական կամ այլ հարաբերություններով, ճիշտ է դրսից արհեստական մտցված բնորոշումներով սրացնել մարդկանց հարաբերությունները, շերտավորել հասարակությունը…

Կարծում եմ՝ շիկացումն էլ պայմանական եւ արհեստածին է, դա ավելի է խարխլում համայնքի նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի հիմքերը: Իսկ ոմանք փորձում են այդ տեխնոլոգիաների կիրառմամբ քարոզչություն տանել, կամ օգտվելով հատկապես ՏԻՄ-ի լիազորությունների մասին մարդկանց մեծ մասի ոչ լիարժեք պատկերացումներից՝ փորձում են դա օգտագործել քարոզչության համար… Քաղաքը համայնքի ղեկավար է ընտրում, եւ սա համայնքի խնդիրն է, իսկ դրսից փորձել լարվածություն մտցնել նրա բնակիչների շրջանում, բարոյական չէ…

Որովհետեւ պետք է գիտակցենք, որ ընտրություններից հետո էլ բոլորս շարունակելու ենք բնակվել նույն քաղաքում, անկախ նրանից՝ ով որտեղ է հայտնվելու, շարունակելու ենք գործել ի շահ Կապանի: Ու քաղաքը բոլորինս է, ինչպես նաեւ համայնքի ղեկավարը բոլոր բնակիչների համար է աշխատելու՝ անկախ ընտրության արդյունքներից…

– Շրջանառվող անուններից ո՞ւմ եք համարում Ձեր ամենահավանական մրցակիցը:

– Թեկնածու համարվում են պաշտոնական գրանցումից հետո միայն, եւ քանի որ համայնքի ղեկավարի թեկնածուների գրանցումը Կապանում ավարտվում է սեպտեմբերի սկզբին, ճիշտ եւ բարոյական չեմ համարում ոչ միայն գնահատականներ տալ, այլեւ նույնիսկ մարդկանց անուններ նշել:

Սպասենք գրանցումների ավարտին եւ պաշտոնական քարոզարշավին: Իսկ առհասարակ, ցանկացած հնարավոր եւ առաջադրվող թեկնածուի վերաբերվում եմ հարգանքով, ողջունում եմ բազմակարծությունն ու քաղաքացիների՝ լայն ընտրության հնարավորությունը: Ոչ գերագնահատում եմ իմ հնարավորություններըը, ոչ էլ թերագնահատում այլոցը: Վստահում եմ կապանցու ողջամտությանը եւ համոզված եմ, որ կապանցին ճիշտ է կողմնորոշվելու:

Զրուցեց Լիլիթ Ավետիսյանը




Լրահոս