ՀԱՐՑ. Իմ կենսաթոշակային տարիքը դեռ չի լրացել, բայց ես աշխատանքից դուրս եմ եկել: Հիմա չեմ աշխատում: Խնդրում եմ ասեք՝ ես իավունք ունեմ ստանալ իմ կուտակային կենսաթոշակը մինչեւ 63 տարեկան դառնալը:
Մելանյա Պողոսյան (61 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար: Մասնակիցը մինչեւ 63 տարին լրանալը կարող է ստանալ իր կուտակային միջոցները հետեւյալ դեպքերում՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) առողջական ծայրահեղ ծանր վիճակում է, եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.
3) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակից է եւ վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Օրենքը նախատեսում է կուտակային միջոցների՝ մինչեւ 63 տարեկանը ստանալու եւս մեկ դեպք՝
Եթե լրացել է մասնակցի 55 տարին, եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից՝ կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքը կորցնելու եւ այլեւս եկամուտներ չունենալու դեպքում անձի պարտադիր կուտակային միջոցները կմնան անձի անհատական կենսաթոշակային հաշվին եւ կշարունակվեն կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից:
Աշխատանք չունենալու ամբողջ ժամանակահատվածում անձի անհատական կենսաթոշակային հաշվին պարտադիր կուտակային վճարներ չեն կատարվում եւ կենսաթոշակային հաշվի ավելացման միակ աղբյուրը դառնում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կառավարումից ստացված եկամուտները: