ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներն արդեն իսկ սկսել են անմիջականորեն ներգրավվել պետության արտաքին քաղաքականության մեջ: Սա ավանդույթ է, եւ կարելի է ասել՝ պարտադիր պայման այս գերտերության նախագահության թեկնածուների համար` մինչեւ քվեարկությունը այցելել հատկապես այն երկրներ, որոնք Միացյալ Նահանգների հետ առավել բարձր կարգի հարաբերություններ ունեն: Հետաքրքիր է, որ այս առումով Հայաստանը նույնպես բացառություն չէ, եթե նկատի ենք ունենում 2008թ. նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի արտասահմանյան խորհրդավոր այցելությունները:
Շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, գործարար Դոնալդ Թրամփը բոլորի համար անակնկալ այցելեց Մեքսիկա: Հատկանշական է, որ Թրամփի եւ Մեքսիկայի քաղաքական վերնախավի հարաբերությունները համերաշխ որակել պարզապես անկարելի է: Թրամփը ավելի քան մեկ տարի է, ինչ հրապարակավ քարոզում է Մեքսիկայից ԱՄՆ ապօրինաբար թափանցած ներգաղթյալներին պատժելու, նրանց հետ ուղարկելու քաղաքականությունը: Գործարարը, թերեւս, ԱՄՆ նախագահության թեկնածուների մեջ ամենածայրահեղականը տրամադրված լինելով անօրինական ներգաղթյալների նկատմամբ՝ նույնիսկ հայտարարել եւ այսօր էլ կրկնում է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ողջ երկայնքով պետք է կառուցել մի մեծ պատ:
Վերջինս, ըստ այդմ, պետք է արգելք հանդիսանա անօրինական ներգաղթի համար եւ լուծի ԱՄՆ-ի սոցիալ-տնտեսական հարթության սուր հարցերից մեկը: Հատկանշական է, որ եթե նախորդ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման խոստանում էր Լատինական Ամերիկայից ապօրինաբար ԱՄՆ թափանցած եւ աշխատանք գտած, ընտանիք կազմած քաղաքացիներին երկրում ապրելու օրինական իրավունք տալ, ապա նույն հարցի նկատմամբ Թրամփը արմատապես հակառակ է տրամադրված` առաջարկելով խիստ մեթոդներով կանգնեցնել ապօրինի ներգաղթը եւ երկրից վտարել ապօրինի ներգաղթյալներին:
Թրամփի դիրքորոշումը հանդիպում է նույնիսկ ապօրինի ներգաղթի դեմ արմատական տրամադրություններ ունեցող մյուս հանրապետականների անհամաձայնությանը: Ցանկանալով հանդերձ կասեցնել անօրինական ներգաղթյալների հոսքը` ԱՄՆ-ում արդեն հաստատվածներին վտարելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Ուստի պատահական չէ, որ Թրամփի նման կեցվածքը պիտի հանդիպեր առաջին հերթին մեքսիկական իշխանությունների բացասական վերաբերմունքին: Հիշարժան է, որ վերոնշյալ հսկայական պատը կառուցելու համար Թրամփը խոստանում էր ֆինանսական միջոցներ հայթայթել առաջին հերթին Մեքսիկայի հաշվին` ստիպելով վերջինիս կառավարությանը վճարել դրա դիմաց: Թրամփի հետ հանդիպումից հետո Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նիետոն հայտարարություն էր տարածել, որ ԱՄՆ նախագահի թեկնածուի հետ քննարկվել են փոխադարձաբար հետաքրքրող բազմաթիվ հարցեր, սակայն հսկայական պատի կառուցման մասին խոսք լինել չի կարող: Մեքսիկայի նախագահը արտահայտել է իր դժկամ վերաբերմունքը նման գաղափարի հանդեպ, առավել եւս անհնար համարել իր կառավարության կողմից պատի կառուցման համար ֆինանսական հատկացման հնարավորությունը:
Ըստ էության, Թրամփը Մեքսիկա էր գնացել՝ զուտ ներքին քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Պարզ է, որ Մեքսիկայի իշխանությունները գործնականում չեն կարող ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա: Փոխարենը Թրամփը ցույց տվեց իր ընտրողներին, որ ի վիճակի է «նախագահական» այցելություններ կատարել եւ հրատապ համարվող թեմաները քննարկել այլ երկրների ղեկավարների հետ: Փաստ է սակայն, որ Մեքսիկայի իշխանությունը Թրամփին ընդառաջ չի գնացել` պահպանելով պատի կառուցման հարցում իր նախկին տեսակետը: Այդ հանգամանքն էլ թույլ էր տվել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին ծաղրել Թրամփի այցը` նկատելով, որ Թրամփը տապալվել է իր առաջին դիվանագիտական ձեռնարկման մեջ` հաշվի առնելով քարոզարշավի ընթացքում շարունակաբար պատի կառուցումից խոսելն ու Մեքսիկայի նախագահի հետ լոկ հպանցիկ այդ հարցին անդրադառնալը: Քլինթոնի մոտեցումն էլ ավելի է ծաղկեցրել Աշխատավորների ամերիկյան ֆեդերացիայի եւ արտադրական կազմակերպությունների հեղինակավոր կոնգրեսի նախագահ Ռիչարդ Թրումկան` արձանագրելով, որ Թրամփը Մեքսիկայում իրեն պահեց ինչպես հայտնի մուլտհերոս Վիննի Թուխը: Հանուն արդարության հարկ է նկատել, որ Թրամփին հերթական անգամ հաջողվեց հայտնվել համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` ապահովելով իր մասին կայուն տեղեկատվության տարածման տեմպը: Մեդիա դաշտի գրավումը Թրամփի նվազագույն նվաճումն է, թեկուզեւ նման մեթոդներով:
Հատկանշական, որ Հայաստանում նախագահի թեկնածուներն էլ են արտասահմանյան այցեր կատարում ընտրությունների նախօրյակին: Անշուշտ, հայկական այցերը միանշանակորեն տարբերվում են ամերիկյանից, քանզի այս պարագայում խնդիրն ավելի շատ արտաքին ուժային կենտրոնների աջակցությունը ստանալն է, քան ներքին լսարանի վրա ազդելը: Հիշենք, որ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ` 2007թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, դեռ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը կատարեց երեք նշանակալից այցելություն` Մոսկվա, Վաշինգտոն եւ Փարիզ:
Կասկած չկա, որ Սարգսյանի այցելությունները միտված էին աշխարհաքաղական այդ կենտրոնների կողմից որպես նախագահի ընդունելի թեկնածու ներկայանալուն: Դատելով հաջորդող ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հանդեպ միջազգային հանրության գորովալից վերաբերմունքից՝ կարելի է եզրակացնել, որ Սարգսյանը իր նպատակին հասել էր: Նույն ընտրությունների շրջանում Մոսկվա այցելեց նաեւ նախագահության մեկ այլ հավակնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տարբեր աղբյուրներից սպրդած տեղեկությունները հուշում են, որ նրան Մոսկվայում չէին մերժել, սակայն Մարտի 1-ն ու դրան հաջորդած իրադարձություններն էլ ապացուցեցին, որ Մոսկվան նախընտրել էր Սարգսյանին: Ի դեպ, այս շղթան խախտելու փորձ արեց միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, որը «Պուտինից հաղթանակը բերելու» մեկնեց միայն ընտրություններից հետո` բավարարվելով ՌԴ մայրաքաղաքի տեսարժան վայրերը Արա Աբրահամյանի ուղեկցությամբ վայելելու հաճույքով:
Ն. Հովսեփյան