«Արտադրված է Հայաստանում-2016». Հայաստանն ու Արցախը ներկայացնում են արտադրական հզորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Արտադրված է Հայաստանում-2016» (“Made in Armenia-2016”) ցուցահանդեսը, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-22- ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում:

Ցուցահանդեսը Հայաստանում տեղի ունեցող միջազգային իրադարձություն է, որը յուրօրինակ հաշվետվություն է հայրենական արտադրության արդյունքների ու ներուժի մասին և արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը և Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը ներկայացրել են միջոցառման մանրամասները։ “Made in Armenia-2016” հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին Հայաստանից և Արցախից մասնակցում է ավելի քան 330 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և ՏՏ ոլորտներից։

«Արտադրված է Հայաստանում-2016»- ի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը։ Ցուցահանդեսին հրավիրվել և մասնակցությունը հաստատել են գործարար պատվիրակություններ երկրի տնտեսության համար հեռանկարային բոլոր շուկաները ներկայացնող երկրներից՝ Եվրասիական տնտեսական միությունից, Եվրամիությունից, Իրանից, Միացյալ նահանգներից, Չինաստանից։

Ուստի, ցուցահանդեսը շատ լավ հարթակ է նաև գործարար կապերի հաստատման, ներդրումային ծրագրեր կազմելու, համատեղ ընկերությունների ստեղծման, տեղական արտադրողների ու օտարերկրյա ներդրողների, դիստրիբյուտորների միջև համագործակցություն սկսելու համար:

Հայաստանը, որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ. Հայաստանի զարգացման հիմնադրամն ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2015 թ.՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ: Հիմնադրամի գլխավոր նպատակն է Հայաստանի վարկանիշի և մրցունակության բարձրացումը, ներդրումների ներգրավումը, արտահանման խթանումը, զբոսաշրջության զարգացումը:

Հիմնադրամն իր ծրագրերով նպաստում է պետական մարմինների և գործարարների միջև համագործակցությանը, իրականացնում համատեղ նախագծեր, աջակցում օտարերկրյա ներդրումներին և հետներդրումային ծառայությունների մատուցմանը:

Սեպտեմբերի 20-ին ՛՛Made in Armenia՛՛ ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է նաև «Հայաստանը, որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» տնտեսական համաժողովը, որտեղ կքննարկվեն ներդրումային ծրագրեր տրանսպորտի, դեղագործության, գյուղատնտեսության ոլորտներից։

Համաժողովին կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Հայաստանից, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից և Իրանից։ Համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության առկա ներուժը, գործարարությամբ զբաղվելու առավելությունները և խթանել ներդրումները։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս