«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի քննության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ հերթական հաղորդագրությունն է տարածել, որում վիճակագրական տվյալներ են ներկայացված: Մասնավորապես նշվում է, որ եւս մեկ հոգու` Ա.Կ.-ին, մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Ըստ ՀՔԾ-ի՝ Սարի թաղի դեպքերի հետ կապված 6 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Իսկ ովքեր են այդ մեղադրյալները, նրանցից ում են կալանավորել, ՀՔԾ-ն շարունակում է գաղտնի պահել:
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից փորձեց պարզել՝ կարո՞ղ է արդյոք օմբուդսմենը երաշխավորել, որ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը, քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանի վարորդ Տիգրան Մելոյանը եւ մյուս թիկնապահ հիշեցնող կերպարներն ու քրեական տարրերը կպատժվեն:
«Հիմա քննություն է ընթանում, եւ այդ հարցերին քննությունը պետք է պատասխանի: Այն, որ կար անհանգստություն, որ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ էին կամ տարբեր, բռնության գործադրման հարցերում ոստիկաններ էին ներգրաված եղել, այդ տեղեկությունները մենք էլ ունենք եւ դրա համար մենք էլ ենք ուղարկել քրեական հետապնդման մարմիններին: Ինչ վերաբերում է պատժվելու են, թե չէ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քննության ընթացքում պետք է պատասխանը ստանանք»,- պատասխանեց Թաթոյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: