Թուրքիայի արևելքում գտնվող Վան նահանգում հզոր պայթյունի արդյունքում 11 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին CNN Turk հեռուստաալիքի եթերում ասել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Բուրխան Քավյաթուրքը:
«Պայթյունի արդյունքում մենք ունենք 11 վիրավոր: Դա հարձակում է մեր կուսակցության վրա»,- ասել է Քավյաթուրքը:
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով` ականապատ մեքենա է պայթել: Պայթյունի էպիկենտրոնից ոչ հեռու տեղակայված է կուսակցության բաժանմունքը:
Պայթյունից շենքի ապակիները կոտրվել են:
Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դեպքի վայրում շտապօգնության բրիգադներ են աշխատում:
Նշենք, որ Վանում ակտիվորեն գործում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: