Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարո Եղնուկյանը և նրա ներկայացուցիչները բողոքարկում էին Գլխավոր դատախազության անգործությունը: 60 -օրյա ընդմիջումից հետո այսօր նրա հարազատները կարողացան տեսնել Եղնուկյանին և դատարանում նրան դիմավորեցին ծափահարություններով:
Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել շենք- շինություններ գրավելու, ինչպես նաեւ ոստիկաններին պատանդ պահելուն օժանդակելու մեջ:
«Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքն արհեստական է եւ շինծու: Որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նման արարքների համար նրան կարող են մեղադրանք առաջադրել»,- դատարանում նշեց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Կարո Եղնուկյանն էլ դատարանին մաղթեց, որ նա լինի ազատ եւ անկախ: «Խաղ կա գործնագործ, երկու հոգի գնդակ են գցում և մեկը մեջտեղում է: Հիմա դատախազությունը և քննչական մարմինները գնդակը օդում են գցում իրար եւ ես մեջտեղում կանգնած վազվզում եմ այս կողմից այն կողմ և ինձ չեն հարվածում: Նպատակը այն է, որ ինձ հոգնեցնեն, տանեն-բերեն, տանեն-բերեն: Դատարանը իմ հետ միասին դարձել է մեջտեղի խաղացողը, Դատախազությունը եւ քննչականը գնդակը այս կողմից գցում է այն կողմ. և ես, եւ դուք այդ խաղի մեջ դարձել ենք չլոցի»,- դատարանին դիմելով նշեց Կարո Եղնուկյանը
Հավելենք, որ գործով դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 27-ին: