«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի, դրանց հետ կապված իրավական գործընթացների շուրջ զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
-Պարո՛ն Թաթոյան, Դուք առաջին պաշտոնյան էիք, որ Սարի թաղի բախումներից անմիջապես հետո գնացիք դեպքի վայր: Հետաքրքիր է՝ գնացիք եւ ի՞նչ արեցիք այնտեղ:
-Առաջինը տեղի ունեցան, իհարկե, քաղաքացիների հետ շփումները, ուսումնասիրությունները: Վնաս կրած գրեթե բոլոր անձանց հետ աշխատեցինք հանդիպել, ընդ որում, խոսքը, հատկապես, վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, այն ընտանիքներին, ովքեր հատուկ միջոցների գործադրման արդյունքում էին վնաս կրել, օրինակ՝ մի ընտանիք կար, որտեղ երեխաներ էին շատ տուժել: Մենք եղանք այդտեղ, քննարկումներ արեցինք: Դրանից հետո միջազգային կազմակերպությունների հետ էլ աշխատեցինք, որպեսզի աջակցեն իրենց: Բայց ես պետք է ասեմ, որ, իհարկե, այն վնասը, որը պատճառվել էր, անթույլատրելի էր, հատկապես երեխաների մասով: Խոսքը վերաբերում է նրան, որ հատուկ միջոցի գործադրման արդյունքում թե՛ երեխաներն էին վախեցել, թե՛ նաեւ վնաս էր պատճառվել ընտանիքի մեծերին, մի մասը հիվանդանոցում էր գտնվում: Դրանից անմիջապես հետո հիվանդանոց էլ այցելեցինք եւ իրենց նաեւ հիվանդանոցում հանդիպեցինք: Այնուհետեւ քաղաքացիների հետ էլ անհատական աշխատանք է կատարվել, իհարկե, եւ գլխավորապես բոլոր համապատասխան տեղեկությունները ներկայացվել են թե՛ քրեական հետապնդման մարմնին, թե՛ նաեւ ոստիկանություն: Հիմա մենք արդեն պատասխաններ ենք ստանում պատասխանատվության ենթարկված ոստիկանության ծառայողների մասով, իսկ քրեական հետապնդման մասով էլ իրականացվում է քննություն: Այստեղ եւս լինելու ենք հետեւողական, որպեսզի հասկանանք, տեսնենք, ի վերջո, այդ կանխատեսելիությունը, որ անհրաժեշտ է ունենալ, ապահովվում է, թե չէ:
-Այդ օրը նաեւ լրագրողները զանգվածային բռնությունների ենթարկվեցին: Կա՞ որեւէ ձերբակալված այդ փաստի առթիվ: Ի վերջո, մենք` լրագրողներս, ինչպե՞ս վստահ լինենք, որ պաշտպանված ենք:
-Լրագրողների հետ կապված, այո, եղան դեպքեր, որոնց մասին, իհարկե, բոլորս գիտենք: Ես լրագրողներին էլ տեսել եմ թե՛ հիվանդանոցում, թե՛ վնաս կրած վիճակում, դա, իհարկե, անթույլատրելի է: Ես, հատկապես, գիտեք ինչու եմ կարեւորում լրագրողների պաշտպանվածությունը նման բարդ իրավիճակներում, որովհետեւ լրագրողների միջոցով հստակ կարողանում ես տեղեկություն ստանալ, թե, ի վերջո, ինչ է կատարվում երկրում եւ ունենալ պատկերացումներ, դա ինքնին լարվածության թուլացման է տանում: Եւ երկրորդ՝ այստեղ շատ կարեւոր նշանակություն ունի լրագրողի ներկայությունը` զգոնությունը ապահովելու իմաստով: Ավելորդ էլ է ընդգծել խոսքի ազատության իրացման հարցում լրագրողի կարեւորագույն դերը, որ մշտապես ենթակա է պաշտպանության: Լրագրողների մասով հատուկ քննչական ծառայությունից մենք եւս ստացել ենք պատասխան, որ որոշակի ձերբակալված անձինք կան: Բայց գիտեք, ես պետք է ասեմ, որ այս իմաստով, հատկապես, անհարժեշտ է հանրությանը լրագրողների միջոցով ներկայացնել մանրակրկիտ տեղեկություններ, թե ինչ գործողություններ են կատարվում, որովհետեւ տեղեկությունների ոչ պարբերաբար մատուցումը ինքնին կարող է անվստահություն առաջացնել քրեական հետապնդման մարմնի գործողությունների նկատմամբ: Դրա համար անընդհատ մեր հայտարարություններում, իմ պահանջներում, առաջարկներում դրվում է այդ հարցը. պարբերաբար տեղեկություն մատուցել նաեւ պատասխանատվության ենթարկվող անձանց մասին: Չէ որ լրագրողը նույնպես խնդիր ունի երաշխիք ունենալ պետությունից, որ բռնության գործադրման ցանկացած դեպք բացահայտվելու է, իսկ մեղավոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության:
-ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահները եւս մասնակցում էին Սարի թաղի ծեծուջարդին, ավելին` ակտիվ հրահրողներից էին: Կոնկրետ նրանք պատժվելո՞ւ են:
-Հիմա քննություն է ընթանում, եւ այդ հարցերին քննությունը պետք է պատասխան տա: Այն, որ կար անհանգստություն, որ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ էին կամ բռնության գործադրման հարցերում ոստիկաններ էին ներգրաված եղել, այդ տեղեկությունները մենք էլ ունենք եւ դրա համար մենք էլ ենք ուղարկել քրեական հետապնդման մարմիններին: Ինչ վերաբերում է՝ պատժվելու են, թե չէ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քննության ընթացքում պետք է պատասխանը ստանանք, մանավանդ դեռ առջեւում ունենք դատական քննություն:
-Անցած տարվա հունիսի 23-ին եւս Բաղրամյան փողոցում քաղաքացիական հագուստով ոստիկանները թիրախավորված բռնություններ գործադրեցին լրագրողների նկատմամբ: Եվ կատարվածից մեկ տարի անց միայն, այն էլ հուլիսյան այս իրադարձությունների ֆոնին, եղան ձերբակալություններ: Ինչքանո՞վ եք ՀՔԾ-ի նման գործելաոճը ընդունելի համարում:
-Ընդհանրապես որպես սկզբունք, կարծում եմ, հանրային ընկալման տեսանկյունից, վստահության տեսանկյունից, պաշտպանվածության տեսանկյունից դա ընդունելի չէ: Հիմա ինչ վերաբերում է գործի քննությամբ արձանագրված արդյունքներին, մենք այդ առումով եւս հարցում ենք ուղարկել եւ փորձում ենք հասկանալ, թե ինչն էր պատճառը, այնքանով, որքանով մեզ իրավասության առումով վերաբերելի է այդ ուշացման կամ արձագանքի համար, որովհետեւ այդպիսի գործերը հատկապես պահանջում են անհապաղ միջամտություն, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, որպեսզի դրանք ունենան կանխարգելիչ նշանակություն, հակառակ դեպքում դրա իմաստը եւս կկորի:
-Լրագրողներն իրենց կազմակերպած ակցիայի ընթացքում տվեցին երկու ամիս ժամանակ` կոնկրետ պատասխանատուներին պատժելու համար: Մեկ ամիսն արդեն անցել է, որպես մարդու իրավունքների պաշտպան` ի՞նչ կասեք, այդ պահանջների կատարման առումով արդյո՞ք ունենք առաջընթաց:
-Գիտեք, ժամկետների առումով ես այստեղ մի փոքր վերապահումներ կունենայի, որովհետեւ օրենքով կան գործի քննության ժամկետներ, ավելին ասեմ` դատական քննության ընթացքում ընդհանրապես ժամկետ չկա: Այդ առումով ժամկետով ամեն ինչ պայմանավորելը կարող է փոքր-ինչ ոչ օբյեկտիվ գնահատականների բերել: Ես դրա համար խնդիրը կոնկրետ ժամկետներով չէի պայմանավորի: Թող հնարավորինս սեղմ ժամկետներում, հնարավոր բոլոր գործողությունները կատարելու արդյունքում հրապարակային հաշվետվություն ներկայացվի հանրությանը: Մենք հետեւողական ենք, որ անհարկի ձգձգումներ չլինեն:
-Դուք ակտիվ արձագանքում եք բոլոր նման իրավիճակներին՝ հայտարարելով, որ զարգացումները Ձեր ուշադրության կենտրոնում են, եւ նաեւ՝ հանդես եք գալիս դատապարտող հայտարարություններով: Արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանի գործը միայն դատապարտելն է:
-Իհարկե, միայն դատապարտելը չէ, ինչի մասին է խոսքը: Դատապարտելը կամ հրապարակային հայտարարությունը մարդու իրավունքների պաշտպանի գործիքներից մեկն է: Բայց մարդու իրավունքների պաշտպանը նաեւ գրավոր ընթացակարգ իրականացնելու իրավասություն ունի յուրաքանչյուր բողոքով, մասնավորապես, պարզաբանումներ պահանջել պետական մարմնից, պարզաբանումների հիման վրա արձանագրել խախտումները, խախտումների հիման վրա էլ արդեն պատասխանատվության ենթարկելու առաջարկներ ներկայացնել: Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ եւ ուժեղ գործիքներից է համարվում հրապարակային զեկույցներ պատրաստելու հնարավորությունը: Ինչը եւ ես նույնպես պատրաստվում եմ անել: Լինելու են գնահատականներ թե՛ ոստիկանության գործողությունների, թե՛ հավաքների ազատության իրավունքի խախտումների, ատելության խոսքի, բռնության կոչի վերաբերյալ, որովհետեւ, որպես մարդու իրավունքների պաշտպան, ինձ համար չափազանց կարեւոր նշանակություն ունի կանխարգելիչ այս քայլը:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Այս տարվա հունվարի 31-ին գրել էինք, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն առանձնապես հետաքրքրվել էին ԼՂՀ ՊԲ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ չորս քաղաքացիների, որոնք ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիք էին հաղորդել:
2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական դավաճանության գործն ուղարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության` Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում՝ հավաքագրվել էր այդ երկրի տարածքում գործունեություն ծավալող Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից: Բանն այն է, որ Սեյրան անունով մի անձնավորություն, որը աշխատել էր Ադրբեջանի հետախուզական ծառայությունում, ծանոթացել էր Ռաֆիկ Պապոյանի հետ եւ նրան համագործակցության առաջարկ արել, ապա հստակ առաջադրանքներ տվել: Պարզեցինք, որ Ռաֆիկ Պապոյանին ցուցում էր տրվել, որպեսզի Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրի այնպիսի անձանց, որոնք կարող են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար լրտեսություն անել եւ արժեքավոր տեղեկություններ տրամադրել: Եւ, ահա, Ռաֆիկ Պապոյանը, որպեսզի կարողանա գործը գլուխ բերել, այս պատմության մեջ է ներքաշել իր մտերիմներին, որոնք Ադրբեջանի ծառայությունների աշխատակից ներկայացած Սեյրանին էին տրամադրել ԼՂՀ Մարտունու շրջանում ձեռք բերած տեղեկությունները: 8 ամիս տեւած դատաքննությունից հետո այս գործով դատավոր Արշակ Վարդանյանը վճռել է Ռաֆիկ Պապոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 14 տարի ժամկետով, նույն գործով անցնող Կարինե Ղումաշյանը դատապարտվել է ազատազրկման 12 տարի ժամկետով:
Ի դեպ, 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից կալանավորվել էր պահեստազորի մայոր Գարիկ Մարությանը, որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ՝ համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Այս գործով դատական նիստերը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեռեւս շարունակվում են:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՐԺԵՑԻՆ
«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, կմնա կալանքի տակ: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժեց Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին փաստաբանի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Ղուկասյանը կալանավորվել է հուլիսի 31-ին, Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
ՀԱՑԱԴՈՒԼ ԿԱՆԻ
Երեւանի Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանն (Արայիկ Խանդոյանի եղբայրը) երեկ հացադուլ է հայտարարել: Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը Tert.am-ին ասել է. «Արարատ Խանդոյանի բողոքն ուղղված է ապօրինի հետապնդման դեմ: Հացադուլ է հայտարարել, որովհետեւ քաղաքական հետապնդում է իրականացվում իր նկատմամբ, եւ դատարանները օրինական որոշումներ չեն կայացնում»: Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: