ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՇՔԵՂ ԲՆԱԿԱՐԱՆ Է ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գյուղատնտեսության այլեւս նախկին նախարար Սերգո Կարապետյանը մինչեւ պաշտոնանկությունը բավական թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայի Արամի 48 հասցեում գտնվող էլիտար շենքում: Այս հասցեի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է հազար յոթ հարյուր դոլարից: Իսկ մեկ բնակարանի միջին արժեքը կազմում է մոտ կես միլիոն դոլար: Ուշագրավ է նաեւ այն, որ Սերգո Կարապետյանի գնած բնակարանը թարմ եւ հիմնովին վերանորոգված է եղել, սակայն այն գնելուց անմիջապես հետո կապիտալ վերանորոգում է նախաձեռնել: Նախկին նախարարի՝ 13-րդ հարկում գտնվող բնակարանում ներկայումս վերանորոգման աշխատանքները դեռեւս շարունակվում են: «Ժողովուրդ»-ը փորձեց վերը նշված տեղեկությունները ճշտել նախկին նախարարի որդուց` Վաչագան Կարապետյանից: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց նոր բնակարան գնելու հանգամանքը` ասելով, որ մինչ այդ իրենք ինչ-որ այլ գույք են օտարել եւ նոր բնակարան գնել: Ի դեպ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի՝ պաշտոնանկության առնչությամբ պահանջվող գույքի եւ եկամուտների հայտարարագիրը հրապարակվելուց հետո, թերեւս, ակնհայտ կդառնա՝ նախարարի պաշտոնում գործունեությունն ինչպես է ազդել նրա ունեցվածքի վրա:

 
Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց: Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու, սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումներն իրականացնելիս շուկայականից բարձր գներով է իրականացրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Միրզաբեկյանին, սակայն, այս ընթացքում հաջողվել է Սերժ Սարգսյանի բարեհաճությանն արժանանալ, եւ սպասվում է, որ նա առաջիկայում կրկին վերադառնալու է ՊՆ եւ ինչ-որ բարձր պաշտոնի է նշանակվելու: Այս լուրերը փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը մեզ հետ զրույցում ասաց. «Դուք գիտեք՝ որ օղակում են այդ հրամանները լինում»: Տեղեկությունը փորձեցինք ճշտել նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն:

 

 
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը շտապում է նախագահական նստավայր: Ինչպես հայտնի է՝ ըստ լուրերի՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանն իր պաշտոնում չի վերանշանակվելու: Ուստի, ուշագրավ էր, թե նրա տեղակալն ինչու էր ժամանել Բաղրամյան 26: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից փորձեցինք պարզել, թե Շավարշ Քոչարյանի՝ նախագահական այցելելու առիթը եւ նպատակը ինչն է եղել: «ԱԳ փոխնախարարները պարբերաբար այցելում են ոչ միայն նախագահի նստավայր, այլեւ կառավարություն, այլ գերատեսչություններ. դա մեր աշխատանքի հետ է կապված»,- պատասխանեց Բալայանը: «ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Շավարշ Քոչարյանը նախագահական էր գնացել Էդվարդ Նալբանդյանի փոխարեն ԱԳՆ վերջին շաբաթվա գործունեության արդյունքները Սերժ Սարգսյանին ներկայացնելու, Բալայանը պատասխանեց. «Չեմ տիրապետում: Հնարավոր է՝ խորհրդատվություն է եղել որեւիցե հարցով»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «հանցավոր» խմբի գործով նախաքննությունն ավարտվել է: Հիշեցնենք, որ Նորք-Մարաշում հայտնաբերված «հանցավոր» խումբը վնասազերծվեց անցած տարվա նոյեմբերի 25-ին` Մարաշի տներից մեկում: Այդ խմբի պարագլուխը «Հայոց վահան» անվանումով կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանն էր: Այս գործով մեղադրվում է 33 անձ, որոնցից 28-ը գտնվում են կալանքի տակ: Արդեն մի քանի ամիս է՝ գործով անցնող մեղադրյալների փաստաբանները բողոքում են, որ նախաքննությունը տեղում դոփում է: Օրերս հայտնի դարձավ, որ այս գործով մեղադրյալՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի եւ մյուսների մեղադրանքը լրացվել է նոր` իշխանությունը յուրացնելու մեղադրանքով: Մեղադրական եզրակացությունները հաստատվելուց հետո, երբ կտրվեն գործով մեղադրյալների փաստաբաններին, դրանից հետո, թերեւս, հայտնի կդառնա, թե խմբի անդամներից յուրաքանչյուրը կոնկրետ ինչում է մեղադրվում:

 

 
ՀԻՄՔԵՐԸ ԱՆՏԵՍԵԼՈՎ
Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունները, այդ թվում՝ Էջմիածնում, անցել են ազատ, արդար եւ թափանցիկ: Երեկ հրավիրած ասուլիսում այդպիսի հայտարարություն է արել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշել է, որ ընտրություններից հետո իրենց է ներկայացվել վերահաշվարկի 11 դիմում: Ինչ վերաբերում է կոնկրետ Էջմիածնին, որտեղ, ինչպես հայտնի է՝ ընտրությունները ուղեկցվեցին կրակոցներով, ծեծով ու մարդ առեւանգելով, Մուկուչյանը նշել է, որ իրենք չունեին որեւէ հիմք՝ այդ ընտրությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց արդյունքները կասկածի տակ դնելու համար: Հիշեցնենք, որ թեկնածուներից մեկը այդ ամենի արդյունքում հայտնվել էր հիվանդանոցում, եւ ընտրությունից 1 օր առաջ, ըստ էության, նրա թիմը հայտնվել էր կաթվածահար վիճակում, ինչն էլ անհավասար պայմաններ էր ստեղծել: Եվ չնայած դրան՝ Մուկուչյանն ասել է. «Չկա որեւէ դիմում թեկնածուի կողմից, որ չեն կարող մասնակցել քվեարկությանը, որ խախտվել կամ խոչընդոտվել են նրանց իրավունքները»: Ասել է թե՝ ԿԸՀ գործող, եւ ըստ ամենայնի՝ նաեւ ապագա նախագահը, հղում կատարելով զուտ իրավական ընթացակարգերին, «իր ձեռքերը լվանում» է Էջմիածնում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ ապահովելու պարտավորությունից:
Ինչ խոսք՝ զուտ ֆորմալ տեսանկյունից Մուկուչյանին դժվար է որեւէ պահանջ ներկայացնել, սակայն եթե խոսքը իրապես ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ԿԸՀ նախագահի ցանկության մասին է, ապա Մուկուչյանն ինքը պետք է որ շահագրգռված լիներ արձագանքելու եւ չսպասեր, որպեսզի ծեծված թեկնածուի կողմից դիմում կամ բողոք ներկայացվեր: Առավել եւս, որ Էջմիածնի քաղաքապետի ծեծված թեկնածու Արթուր Թումանյանի թիմակիցները մինչ այս բազմիցս բանավոր պահանջել էին չեղյալ հայտարարել ընտրությունները:
Մյուս կողմից էլ, անհասկանալի է, թե ինչու Արթուր Թումանյանի կողմից սահմանված ժամկետում չեն ներկայացվել դիմումներ ոչ միայն ընտրությունները չեղարկելու, այլեւ հետագայում դրանց ընթացքում տեղ գտած լցոնումների / ինչի մասին հայտարարել էր Հրաչիկ Աբգարյանը/ եւ արդյունքների հետ կապված: Տիգրան Մուկուչյանը երեկ, հղում կատարելով այդ հանգամանքին, ասաց. «Պետք է ներկայացվեին դիմումներ, կարող էին ներկայացնել ապացույցներ, վերահաշվարկի դիմում, անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացվեր եւ այլն, բայց չի արվել: Իսկ մնացածը դատողություններ են»: Դժվար է ասել, թե ինչու նման դիմում չի ներկայացվել: Արդյոք պատճառն այն է, որ այլեւս որեւէ բանի հետ հույս չե՞ն կապում ծեծված թեկնածուի թիմակիցները, թե՞ միգուցե չեն ցանկանում է՛լ ավելի խորացնել առճակատումը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ: Ի վերջո, այդ մարդիկ շարունակելու են ապրել Էջմիածնում: Մի բան, սակայն, ակնհայտ է. արյունալի «ռազբորկաներով» ուղեկցվող ընտրությունները «ազատ, արդար եւ թափանցիկ» որակող ԿԸՀ նախագահից հույսեր ունենալը միամտություն կլիներ:




Լրահոս