Ազգային երգն ու պարը պետք է դառնան համատարած. ի՞նչ ծրագիր են նախաձեռնել մշակույթի նախարարն ու Մրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական երգերի հայտնի կատարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ հանձն է առել ազգային, ժողովրդական երգը հայ հասարակության շրջանում համատարած դարձնելու գործընթացը: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է, թե ինչ կոնկրետ ծրագիր է ղեկավարում Ա. Գրիգորյանը, եւ ինչ կերպ է նա պատրաստվում կյանքի կոչել ազգայինը մասսայական դարձնելու ծրագիրը:

-Պարո՛ն Գրիգորյան, ծրագրի մասին մանրամասներ կհայտնե՞ք: Որքանո՞վ եք այն համարում հեռանկարային եւ իրագործելի:

-Մենք հանդիպել ենք պարոն Ամիրյանի հետ եւ քննարկել ենք այդ հարցը: Նա ասել է, որ պատրաստ է մեզ աջակցել: Առհասարակ, ազգային երգն ու պարը ժողովրդի, հատկապես` երիտասարդների շրջանում տարածելու գործընթացը վաղուց ենք սկսել: «Գութան» ազգագրական երգի, պարի փառատոնը հենց այդ նպատակով է անցկացվում: Պարոն Ամիրյանը ցանկանում է, որ ազգայինը լինի համատարած: Մենք պետք է փորձենք մտնել մարդկանց բակեր, ներկայանալ սահմանամերձ քաղաքներում եւ գյուղերում: Այս ծրագիրը դեռ պետք է մշակել: Պետք է կարողանանք տարվա ընթացքում մեկ-երկու անգամ բեմերից ազգային երգ ու պարով հանդես գալուց զատ` այցելել Հայաստանի տարբեր շրջաններ: Կարծում եմ, որ ժողովուրդը սիրով մասնակից կդառնա այդ ամենին: Ի դեպ, հոկտեմբերի 1-ին «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթը, «Սասնա ծռերը» եւ «Մասունքը» Ազատության հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի եւ Հյուսիսային պողոտայի մոտ ֆլեշմոբի պես մի բան անցկացրին: Ընդ որում, խմբերի անդամներն առանց տարազի, սովորական զգեստներով հանպատրաստի երգում էին, պարում եւ, կարելի է ասել, մաստեր-կլասներ էին անցկացնում հանրության շրջանում: Ասեմ, որ ամեն խմբին միացավ 50-60 հոգի, այդ թվում` երեխաներ, երիտասարդներ եւ նույնիսկ` տարեցներ: Սրանով ազդարարեցինք ծրագրի սկիզբը: Այն շարունակվելու է ողջ տարվա ընթացքում: Կարծում եմ` սա կդառնա գեղեցիկ մի ավանդույթ:

Իսկ ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ, որ ծրագիրը հնարավորինս արագ եւ արդյունավետ իրականացնեք:

-Մենք մեր գործը սկսել ենք` առանց մտածելու, թե ինչ ռեսուրսներ ունենք կամ չունենք: Կարեւորը մարդկային, մասնագիտական, բարոյական ռեսուրսն է, որը ունենք: Իսկ ֆինանսներ, կարծում եմ, կկարողանանք հայթայթել: Մեր ազգագրական երգ ու պարի խմբերը մեծ մասամբ միասնական են եւ սիրով են լցված միմյանց նկատմամբ: Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի Հայաստանի որեւէ մարզ, շրջան, քաղաք` իր մշակույթով. այդպիսով ձեւավորվելու է ազգային երգ ու պարի հայաստանյան քարտեզը: Բոլորս մեկ բան ենք ուզում` որ հայ մշակույթը ավելի տարածված լինի մեր ժողովրդի շրջանում, քան օտարը:

-Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ռաբիսի նկատմամբ հասարակական ընդվզում է առաջ եկել, գուցե այդ ֆոնին ազգային երգն ու պարն էլ ավելի՞ կարեւորվի:

-Ես համաձայն չեմ այդ հարցադրման հետ: Մենք մեր գործը միշտ ենք արել եւ պետք է անենք: Հայը պետք է արարող տեսակ լինի եւ չպետք է նայի` այսօր կարելի է արարել, թե ոչ:

-Իսկ մարզերի ազգային երգ ու պարի խմբերը Ձեզ կմիանա՞ն:

-Բնականաբար: Միանալու են այն խմբերը, որոնք ունեն պատշաճ մասնագիտական որակներ: Օրինակ` Մարտունիում, Վարդենիսում ունենք լավ խմբեր, որոնք աշխատում են երեխաների հետ: Պատկերացնո՞ւմ եք` այդ նույն խմբերին հանենք փողոց, բակեր, ու նրանք սկսեն անցորդին իրենց կողմը գրավել: Հուսով եմ` մի օր կհասնենք նաեւ նրան, որ այս ծրագիրը կիրականացնենք սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս