Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարներն ուրբաթ կայացած հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը՝ փոխզիջում գտնելու անհրաժեշտության ենթատեքստում, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահը հոկտեմբերի 14-ին մասնակցել է ՀԱՊԿ Երևանում կայացած նստաշրջանին։ «ՀԱՊԿն ստեղծվում էր արտաքին բնույթի սպառնալիքները սահմանափակելու համար։ Մենք ինչոր կերպ պետք է արձագանքենք այն բանին, ինչը տեղի է ունենում նաև մեր կողքին, բայց նաև պետք է ձգտենք այն բանին, որ բոլոր խնդիրները, որոնք մեզ են բաժին հասել անցյալից, լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա։
Այդ ենթատեքստում էլ մենք քննարկել ենք ղարաբաղյան հիմնախնդիրը», ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»ին, նա նշել է, որ Երևանում քննարկվել են նաև «որոշակի լարվածություններ» Խորհրդային Միության այլ նախկին հանրապետությունների միջև։ Պուտինի խոսքով՝ «մեզ համար նույնիսկ կարևոր չէ, մտնում է թե չի մտնում այս կամ երկիրը՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունը ՀԱՊԿ կազմի մեջ»։ «Կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ , պատմականորեն ձևավորված հարաբերություններ։ Եվ դրանք շատ ավելի սերտ են, այդ հարաբերությունները, և ավելի խորը, քան ՆԱՏՕի երկրների միջև հարաբերությունները։ Մենք չենք կարող դա հաշվի չառնել», հավելել է ՌԴ նախագահը։