ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կայացավ ԱՄՆ-ի նախագահական երկրորդ բանավեճը, որը նախորդից տարբերվեց միայն արտաքին մի շարք առանձնահատկություններով: Հարկ է նկատել, որ եթե առաջին բանավեճին Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը ամենեւին էլ պատրաստված չէր, ապա այս անգամ նույն անպատրաստ կեցվածքը փոխհատուցված կարելի է համարել նրա կարծիքների խստությամբ ու արմատականությամբ: Ի հեճուկս դրան` Քլինթոնը պահպանեց իր սառնասիրտ կեցվածքը, ինչը, սակայն, որոշակիորեն խամրեց Թրամփի կոնկրետ մեղադրանքների ֆոնին:

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի Սենթ Լուիս համալսարանում կայացած նախագահական երկրորդ բանավեճում ամերիկյան լրատվամիջոցների կողմից հաղթանակը կրկին վերագրվել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին: Վերջինիս հաղթանակի հիմնական պատճառը կապվում է «նախագահական կեցվածքի» հետ: Ըստ հարցումներին մասնակցած ամերիկացիների` Թրամփի գերագույն խնդիրը նախագահական պահվածք չունենալն է: Այդ շարքում հիշատակելի են թեկնածուի անհարկի ընդհատումները, քաղաքական կոռեկտության բացակայությունը, ձեւակերպումների մեջ խտրություն չդնելը եւ այլն: Պնդելի է, որ Քլինթոնի «հաղթանակը» բացառապես Թրամփի հախուռն կեցվածքի արտահայտությունն է: Քլինթոնը, քաղաքական երկարակյացներից լինելով, լավագույնս սերտել է հանդիսատեսի հետ շփվելու կանոնները, ինչի վկայությունն է այն հանգամանքը, որ Թրամփի բռի արտահայտություններին նա արձագանքում էր հանդարտորեն, նախադասությունները ճշգրտորեն կազմելով եւ հատկապես ժպիտով: Կարծիք կա, որ Քլինթոնը հաղթել է նաեւ այն պատճառով, որ թույլ էր տալիս Թրամփին խոսել` այդ կերպ ցուցադրելով իր գերազանցությունը անկայուն խոսվածք ու բնավորություն ունեցող մրցակցից:
Բնականաբար, Քլինթոնին հաղթող հռչակելով` հասարակական կարծիք ձեւավորելու վրա մեծագույն ազդեցություն ունեցող վերլուծաբանները պիտի Թրամփին պարտված ներկայացնեին: Ի հեճուկս նրա, որ այս բանավեճում Թրամփը շատ ավելի ակտիվ էր ու կայուն` հանրապետականների թեկնածուն չկարողացավ խուսափել երկու կարեւորագույն խնդիրներից: Առաջինն առնչվում էր վերջին օրերին ԱՄՆ քաղաքական կյանքը փոթորկած տեսաժապավենին, որտեղ Թրամփը գռեհիկ արտահայտություններ էր թույլ տալիս կանանց հասցեին, իսկ երկրորդը` դեմոկրատ թեկնածու Քլինթոնի ամուսնու` ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի անձնական կյանքին: Շատերը կհիշեն, որ 1998թ. ԱՄՆ-ում պայթել էր նախագահ Քլինթոնի ինտիմ կյանքին վերաբերող սկանդալը, որը նույնիսկ հանգեցրեց նախագահի իմպիչմենտին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Եվ ահա, Թրամփը, իր վուլգար խոսքերի համար ներողություն հայցելով հանդերձ, օրինակ էր բերում նախագահ Քլինթոնի նույնօրինակ գործողությունները` շեշտելով, որ Քլինթոն ամուսինները ժամանակին բարոյապես ոչնչացրել էին նախագահի սիրուհիներին: Այս հարցում բանավեճը խիստ ցածր մակարդակի իջավ, ինչը արձանագրվեց ոչ միայն Հիլարի Քլինթոնի կողմից, այլեւ հեղինակավոր վերլուծաբանների: Վերջիններից Չարլ Քրաութամերը, հերթական անգամ մեկնաբանելով բանավեճը, պնդում էր, որ Թրամփն իր պահվածքով կարողացավ փրկել տապալված քարոզարշավը: Հաշվի առնելով նախորդ բանավեճում Թրամփի պարտությունը, ինչպես նաեւ վերոհիշյալ տեսագրության հրապարակումն ու դրա արդյունքում բազմաթիվ հեղինակավոր հանրապետականների կողմից Թրամփին սատարելու որոշումների չեղարկումը` Քրաութամերը բացատրում էր, որ բանավեճը Թրամփի համար կենաց մահու պայքարի հարթակ էր, որից թեկնածուն հաջողությամբ դուրս եկավ: Հիմնավոր է տարածված այն կարծիքը, որ Թրամփը հաղթեց Հանրապետական կուսակցության հիմնական ընտրողների համար, որոնք ծարավ են քլինթոնյան «կլանի» դեմ ամուր ու վստահ պայքարի պատրաստ թեկնածուի: Սակայն այդպիսի էլեկտորատը ԱՄՆ-ում այնքան էլ մեծ չէ, որպեսզի որոշի ընտրության ելքը:
Թրամփ-Քլինթոն բանավեճում չշրջանցվեցին նաեւ արտաքին քաղաքականության հիմնահարցերը: Այդ համատեքստում առանցքային էր Ռուսաստանի դերակատարության խնդիրը: Հիշելով Թրամփի դրական խոսքերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին` Քլինթոնի շրջապատը շարունակաբար տարածում է այն կարծիքը, որ Թրամփը հստակ աջակցություն է ստանում Մոսկվայից: Իրավամբ, ռուսական լրատվամիջոցները դադար չունեն Քլինթոնին անվանարկելու, իսկ Թրամփին` գովաբանելու հարցում: Սակայն թե՛ Թրամփի, թե՛ նրա փոխնախագահի թեկնածու Փենսի տեսակետները Պուտինի առնչությամբ գուցե եւ ավելի կոպիտ են, քան կարելի է պատկերացնել: Պնդելի է, որ Թրամփի ու Փենսի դրական կարծիքը Պուտինի մասին ուղղակիորեն շաղկապված է Օբամայի մասին ունեցած տեսակետին: Օբամային համարելով թույլ առաջնորդ` հանրապետականի թեկնածուները սոսկ արձանագրում են, որ Պուտինը ոչ թե լավ կամ վատ անհատականություն է, այլ սոսկ «ուժեղ»: Փոխնախագահների բանավեճում Փենսը բառացիորեն հայտարարել էր հետեւյալը. «Երբ Դոնալդ Թրամփն ու ես ուսումնասիրում ենք Սիրիան, Իրանը, Ուկրաինան, տեսնում ենք, որ Ռուսաստանի փոքր եւ ահաբեկիչ առաջնորդն ավելի ուժեղ է միջազգային բեմում, քան այս վարչակազմը, ինչը տխուր փաստի արձանագրումն է: Սա Վլադիմիր Պուտինի պաշտպանությունը չէ, այլ Հիլարի Քլինթոնի եւ Բարաք Օբամայի թույլ եւ ապիկար կառավարման մեղադրական ակտը»:
Հայաստանում Վլադիմիր Պուտինը սիրված է ու ընդունելի թե՛ ժողովրդի, թե՛ քաղաքական դերակատարների բացարձակ մեծամասնության կողմից: ՌԴ նախագահի գրեթե ցանկացած քայլ արժանանում է հայության մեծ մասի հիացմունքին: Եթե հասարակության կողմից նման հիացմունքը ինչ-որ տեղ հասկանալի է` հաշվի առնելով խորհրդային նոստալգիան ու «ուժեղ» նախագահի բարդույթը, ապա հայաստանյան քաղաքական ընտրանու պահվածքը, մեղմ ասած, տարակուսելի է: Մի շարք բացառությունները չհաշված` Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը նույնիսկ ամենաչնչին հարցերում հարցնում են Պուտինի կարծիքն ու կատարում նրա կամքը: Օրինակ` գոյություն չունի Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան որեւէ հանդիպում, որի ժամանակ վերջինս իր «հսկայածավալ» շնորհակալությունները չարտահայտի: Նույնիսկ ավելորդ է խոսել Հայաստանի ներսում կառավարության ու առանցքային պաշտոններում ՌԴ իշխանությունների ցանկությունների բավարարման արատավոր պրակտիկայի մասին, ինչի լավագույն դրսեւորումը դարձավ Կարեն Կարապետյանի ու նրա նախարարների նշանակումը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԴԱՀԿ-Ն ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵՐՍՄԱՆ ՍՐԱՀԸ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել «Մինասյան» բժշկական կենտրոնի գույքը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն վաճառում է ԲԿ-ի ընդունարանի գույքը՝ դարակներ, 3 հատ երկար աթոռներ, սառնարան, երկու աղբաման, երեքդռնանի պահարան, երկու աթոռ` առանց մեջքի, տումբա, չհրկիզվող պահարան, երկու հատ պատի գրապահարան, բանալիների պահարան, ժամացույց, պատի նկարներ, բժշկական տուփ, հաշվիչ, կարպետներ եւ այլն: Այս պահին գնային առաջարկ չկա, եւ այն վաճառվում է մեկ ամբողջական լոտով: Իսկ նշված ապրանքների արժեքն էլ կազմում է ավելի քան 510 հազար դրամ: Բացի այս, ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել նաեւ ԲԿ-ի մերսման սրահի գույքը՝ սեղանները, տումբաները, ոտքի պրես, ջեռուցիչներ, աթոռներ՝ 85 հազար դրամ արժեքով:
Նշենք, որ բժշկական կենտրոնի` վաճառքի հանված գույքի մեջ կան նաեւ օճառամաններ, վարագույրներ՝ իրենց ձողերով, ցնցուղներ եւ այլն: Նշված ԲԿ-ի սրճարանի գույքը նույնպես վաճառքի է հանվել. վաճառվում են պատի նկարները, ջահերը, գազի կաթսան, փոշեկուլը, աթոռները եւ այլն: Իսկ սրճարանի գույքի մեկնարկային գինը կազմում է ավելի քան 190 հազար դրամ:
ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականի օգոստոսի 3-ին: Հիմնադիրն է Ֆլորա Մինասը, ով ունի Նիգերիայի քաղաքացիություն: Նաեւ ընկերության նկատմամբ սահմանափակումներ են կիրառված: Այսինքն` սա նշանակում է, որ տվյալ բժշկական կենտրոնը գրավադրել է իր գույքը եւ չկարողանալով մարել վարկային պարտավորութունները` հասել է մի վիճակի, երբ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել գրավադրված գույքը: Նշենք, որ ԲԿ-ն գտնվում է Երեւանում: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ԲԿ-ի տնօրինության հետ, սակայն ապարդյուն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՏԱՎՈՒՇՈՒՄ ՔԻՉ ԽԱՂՈՂ Է ՄԹԵՐՎԵԼ
Ներկայումս Տավուշի մարզում գրեթե ավարտվել է խաղողի մթերումը: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ միայն «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ԲԲԸ-ն է դեռ շարունակում այգեգործներից փոքր քանակներով խաղող ընդունել: Վարչության պետի վկայությամբ՝ «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ԲԲԸ-ն, «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդի մասնաճյուղը այս տարի խաղողն ընդունել են կիլոգրամը 130, իսկ «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 110 դրամով: Այժմ Տավուշի մարզի խանութներում խաղողը վաճառվում է 350-400 դրամով:
Ինչո՞ւ է Դեբեդավանի գինու գործարանում խաղողի մթերման գինն այդքան ցածր եղել: Վ. Սուքոյանն ասաց, որ խաղողի մթերման գինը ձեւավորվել է գործարանի եւ խաղողագործների միջեւ պայմանավորվածությունների արդյունքում. այս տարվա խաղողը լավ որակ չի ունեցել, ցածր գինը պայմանավորված է դրանով: 2016 թվականի եղանակային պայմանները, խաղողի տարբեր հիվանդությունները պատճառ դարձան քիչ բերքի: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում գործող գինու գործարանն ամեն տարի խաղող էր մթերում, այս տարի, սակայն, գործարանը խաղող չընդունեց, որովհետեւ բերքը քիչ էր, գործարան հանձնելու խաղող չկար: Մինչդեռ 2015թ. Տավուշի մարզում մթերվել էր 7854 տոննա խաղող, կլիգրամը՝ 140 դրամով:

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանի գործունեության հետ կապված քրեական գործ է հարուցվել: Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը հայտնեց, որ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ դատախազությունում դիմում է ստացվել, որում նշված փաստերը ճշտվել են, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը): Տավուշի մարզի դատախազն ասաց, որ քրեական գործը հարուցվել է ոչ թե Վազաշեն համայնքի ղեկավարի հանդեպ, այլ կոնկրետ փաստերի հետ կապված: Այդ քրեական գործի քննությունը ներկայումս ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում: Նշենք, որ ՀՀԿ անդամ 51-ամյա Լորիկ Բադիրյանը 857 բնակիչ ունեցող Վազաշեն համայնքը ղեկավարում է 2008 թվականից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս