Տեւական ժամանակ է` Սերգեյ Գրիգորյանը երգարվեստի ասպարեզում չի երեւում, նա չի նկարահանում տեսահոլովակներ, համերգներով հանդես չի գալիս, եւ այնպիսի տպավորություն է, որ երգիչը լքել է շոու-բիզնեսը: «Ժողովուրդ»-ը Սերգեյից ստացել է երկրպագուներին հուզող բոլոր հարցերի պատասխանները:
«Ես, իհարկե, հաճույքով կկատարեի այն գործը, որն անում էի տարիներ առաջ, բնականաբար, հնարավոր չէ` նման ցանկություն չունենամ, եթե ինչ-որ ժամանակ երգելն ու բեմում ներկայանալն է եղել իմ հիմնական անելիքը: Բայց եթե օբյեկտիվ լինեմ, կասեմ, որ այն, ինչ այսօր հրամցնում են հայ երգարվեստի ներկայացուցիչները, իմը չէ: Իսկ եթե մի բան մոտ չէ քո էությանը, դու դրանով չես զբաղվում:
Դուք հիմա կարող եք ասել` ամեն դեպքում արժե, որ ես իմ գործն անեմ, մնացածը` իրենցը: Բայց չի կարելի մոռանալ, որ երգելը մեր աշխատանքն է, շատերի համար` հիմնական աշխատանքը, եւ եթե երգիչն իր մատուցածի դիմաց նորմալ չի վարձատրվում, նա կամ թողնում է ոլորտը, կամ իջնում է ներքեւ: Շատերը գերադասում են երկրորդը»,-մեկնաբանեց Սերգեյը:
Մենք հետաքրքրվեցինք` որ դեպքում երգիչը կվերադառնա ասպարեզ. «Երբ զգամ, որ հայ հանդիսատեսն ունի փոփի կարիք, որ փոփը կրկին թրենդային է: Եթե չես աշխատում մեծամասնության համար, անընդհատ գործ կանես, բայց գումար չես աշխատի: Ես չեմ ուզում թվալ կոմերցիայի հետեւից ընկած մեկը, եթե այդպիսին լինեի, վաղուց կերգեի այն, ինչ իմ սրտով չէ: Ամերիկյան փոփ ոլորտն, օրինակ, պարբերաբար լցվում է անորակ երգերով եւ մաքրվում: Մեզ մոտ այդ ֆիլտրումը չկա»,-պատասխանեց նա:
Սերգեյը տեղեկացրեց, որ այժմ մի շարք միջազգային մրցույթների շրջանակում հանդես է գալիս որպես երաժշտական պրոդյուսեր եւ ժյուրիի անդամ.«Հաճախ աշխատում եմ ուկրաինացի, ռուսաստանցի երգիչների հետ: Հայաստանում, օրինակ, դժվար է այդ գործով զբաղվել. մեր երգիչները հաճախ չեն գիտակցում, որ նմանատիպ մրցույթներին մասնակցելու եւ այնտեղ հաջողություն գրանցելու համար անհրաժեշտ է որոշակի գումար ներդնել, եւ հետո նոր վերադարձնել այն:
Այսինքն` մերոնց դեպքում հաճախ ֆինանսական խնդիրներ են առաջ գալիս: Ամեն դեպքում, այս պահին աշխատում եմ հայաստանցի երգչի հետ (ես ուրախ եմ այդ առթիվ, այդպես հազվադեպ է պատահում), որը պետք է ներկայանա շվեդական միջազգային մրցույթներից մեկում»,-ասաց Սերգեյը:
Հավելենք, որ երգիչը դասավանդում է Երգի պետական թատրոնում, նա անցկացնում է նաեւ անհատական պարապմունքներ:
Աննա Բաբաջանյան