Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի քրեական գործով առաջին դատական նիստը:
Արարատ Խանդոյանն ու Առաքելյանը մեղադրվում են զանգվածային անկարգություն կազմակերպելու մեջ, որի արդյունքում տուժել են 44 ոստիկաններ:
Այսօրվա նիստին տուժած 44 ոստիկկաններից ներկայացել էին 15-ը:
Արման Առաքելյանն ու Արարատ Խանդոյանը նշեցին, որ ցանկանում են, որպեսզի իրենց գործով պաշտպանություն իրականացնի Արա Ղարագյոզյանը, Առաքելյանը հրաժարվեց հանրային պաշտպան Սյուզան Խչեյանի ծառայություններից:
Արարատ Խանդոյանը դատարանում հայտարարեց, որ սա հետապնդում է քաղաքական հայացքների համար. «Իմ քաղաքական հայացքների համար շինծու մեղադրանքն է, միևնույն է հարգելի դատարան արդեն իսկ իմ իրավունքները խախտվել են»:
Դատական նիստը Արա Ղարագյոզյանի միջնորդությամբ հետաձգվեց, քանի որ պաշտպանը չէր հասցրել ծանոթանալ քրեական գործին, նիստը կկայնա նոյեմբերի 22-ին, ժամը՝ 12.00-ին:
Նիստի ավարտին Խանդոյանի աջակիցների և տուժած ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշոց և հնչեցին հայհոյանքեր ու մեղադրանքներ:
Կանանցից ոմանք ոտիկաններին հարցնում էին, թե որքան գումար են ստացել կեղծ ցուցմունքներ տալու համար:
Հավելենք նաև, որ նիստը ընթանում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ով ի դեպ գրեթե բոլոր քաղաքական հայացքների համար մեղադրյալի աթոռին հայտնված անձանց գործով դատավոր է նշանակվում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը և Արման Առաքելյանը հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:
Լիլիթ Շաբոյան