Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի հետ կապված:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ արված առաջարկները՝ Երևանի քաղաքապետը համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների միջոցով կքննարկի և կմշակի հնարավոր մեխանիզմներ, որի արդյունքում վերոնշյալ ընկերությունների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, կփոխանցվեն համայնքին:
«Հանրապետության Նախագահի կողմից սահմանվել է 10-օրյա ժամկետ՝ օպերատորի հետ բանակցություններ վարելու և արդյունքները ներկայացնելու համար: Ըստ այդմ, հանձնարարում եմ ֆինանսական, իրավաբանական և տրանսպորտի ոլորտների պատասխանատուներին, աշխատանքային խմբի միջոցով, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի հետ քննարկել համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափը փոխելու հնարավորությունները», – նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն