Հայաստանում գրանցված հանցագործությունների քանակն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցված հանցագործությունների քանակը 1410-ով ավելացել է: Ոչ մեծ ծանրության գրանցված հանցագործությունները այս տարվա 9 ամիսներին կազմել են 6963, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 9-ով ավել է: Իսկ միջին ծանրության հանցագործությունները այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 1441-ով:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ մարդու դեմ ուղղված հանցագործություններից սպանությունը, վերոնշյալ ժամանակահատվածում 20-ով ավելացել է: Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը եւս այս տարվա 9 ամիսներին 13-ով ավելացել են:

Նշենք, որ հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններից հրազեն, ռազմամթերք պատրաստելու եւ ապօրինի շրջանառելու դեպքերի քանակը նույնպես ավելացել է՝ 60-ով: Այս տարվա 9 ամիսներին ավելացել է նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը՝ 344-ով: Իսկ, ահա, գողության դեպքերը 13-ով նվազել են: Այս տարվա 9 ամիսներին արձանագրվել է պետական կամ հանրային գույքի հափշտակության 73 դեպք, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 22-ով նվազ ցուցանիշ է:

Հաշվետու ժամանակահատվածում ավելացել է նաեւ անձնական գույքի հափշտակությունների քանակը. այս տարվա հունվար-սեպտեմբերին գրանցվել է անձնական հափշտակության 5118, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 4756 դեպք: 5-ով ավելացել են նաեւ տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը: Նշված ժամանակահատվածում պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների քանակը կազմել է 2177, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1347-ով ավել է:

Ըստ մասնագետների՝ հանցագործությունների թվաքանակի աճը ուղիղ կապ ունի երկրի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի հետ, եւ որքան կառավարման համակարգում ճգնաժամը խորանում է, այդքան հանցավորությունը աճում է:




Լրահոս