Օրեր առաջ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրությամբ ցանկանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը փոխել Արցախի Հանրապետության: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանի հետ:
Մխիթարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արտաքին հարաբերությունների նիստում պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցն էլ մեկ այլ առաջարկությամբ է հանդես եկել: Մասնավորապես, նա առաջարկել է անվանումը դարձնել Քրիստոնեական Արցախի Հանրապետություն:
«Այն որպես հայտարարություն ներկայացվել է նիստերից մեկի ժամանակ, դեռևս քննարկումներ չեն եղել, որպեսզի ես կարողանամ սպառիչ պատասխանել: Դա սուբյեկտիվ կարծիք է եղել և անհրաժեշտություն կա, որ ապագայում քննարկվի», – նշեց նա:
Ներկայացնելով իր անձնական տեսակետը, Մխիթարյանն ընդգծեց, որ աշխարհում միայն Իրանն է, որ հավատքի անվանումով անուն ունի: «Կարծում եմ` անհրաժեշտություն չկա, որ անպայման շեշտվի դա, բայց այն, որ Լեռնային Ղարաբաղ անվանումը մի փոքր պարադոքսալ է, որովհետև Ղարաբաղը ընդգրկում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ տափաստանային Ղարաբաղը, և բոլորը միասին կոչվում է Արցախ: Այս իմաստով, իհարկե, նպատակահարմար է, որ մենք ունենանք Արցախի Հանրապետություն անվանումը, որը չի սահմանափակում այն գաղափարը, որ մենք միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունենք». – հավելեց նա:
ArmLur.am-ը զրուցեց նաև Ռուդիկ Հյուսնունցի հետ, ով արդեն նշել էինք, առաջարկել էր ԼՂՀ-ն անվանել Արցախի Քրիստոնեական Հանրապետության: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ իր այս առաջարկությունն ընդունվել է: Այնուամենայնիվ, պատգամավորը միանշանակ կողմ էր, որ ԼՂՀ անվանումը պետք է փոխվի:
«Մի քանի ամիս առաջ, երբ սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խումբը սկսեց աշխատել, այդ ժամանակ ներկայացրեցի առաջարկս: Դա համընկավ Հռոմի Պապի այցելության ժամանակահատվածի հետ: Նրա այցելությունը Հայաստան առանձնահատուկ էր, քանի որ այց էր առաջին քրիստոնեական երկիր: Նույնիսկ արձագանքներ եղել են եվրոպական երկրներից, բայց ինձ թվում է, որ մերոնք շատ խանդավառված չեն, կամ այդ խնդրի լուծման էությունը խորությամբ չեն ըմբռնում», -նշեց նա:
Հյուսնունցն ընդգծեց, որ այդ անվանափոխությամբ կարող են շատերի ուշադրությունը սևեռել իրենց վրա: «Սա է իմ առաջարկը, եթե չընդունվի, նաև կողմ կլինեմ Արցախի Հանրապետություն անվանը: Ճիշտն ասած, առաջին Սահմանադրության Արցախի Հանրապետություն անվան հեղինակն եմ: Այս անգամ էլ այս առաջարկությամբ հանդես եկա», – հավելեց նա:
Նաիրա Հովհաննիսյան