ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Կրթության ազգային ինստիտուտում. փորձ է արվում Աշոտյանի հեղինակության վրա ցեխ շպրտե՞լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում ստուգումներ է իրականացնում հարկային պարտավորությունների մասով: Թե որն է այդ ստուգումների պատճառը, թերեւս պարզ կդառնա առաջիկայում, սակայն տեսակետ կա, որ այս կերպ փորձ է արվում ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի հեղինակության վրա ցեխ շպրտել:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ վերահսկիչ պալատը այս տարվա փետրվարի 8-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, երբ ԿԳ նախարարը Արմեն Աշոտյանն էր, ուսումնասիրել է կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ եւ «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի գործունեությունն ու բացահայտել բազմաթիվ խախտումներ:

Այսպես՝ ընկերությանը տրամադրված 140 մլն դրամաշնորհը, ըստ ՎՊ-ի, սխալ է ծախսվել, եւ Կրթության ազգային ինստիտուտը սահմանված տնտեսումները չի արել: Ուշագրավ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել ՎՊ բացահայտումների թեման, համապատասխան փաստաթղթեր է պահանջել ՎՊ նախագահից: Թե ինչ ավարտ կունենա քրեական գործը, առայժմ դժվար է ասել՝ հաշվի առնելով նախընտրական քարոզչության՝ արդեն տրված մեկնարկը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընթացքում ընկերությունում սկսել է ստուգումներ իրականացնել նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: Այս գերատեսչությունը ստուգում է ընկերության հարկային պարտավորությունները:

«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում իրականացվող ստուգումների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ընկերության տնօրեն Նորայր Ղուկասյանի հետ:

-Պարո՛ն Ղուկասյան, ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում: Արդյո՞ք դա կապ ունի վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների հետ:

-ՊԵԿ-ը մեզ մոտ ուսումնասիրություններ իրականացնում է, բայց դրանք կապ չունեն ՎՊ-ի եւ դատախազության ստուգումների հետ: ՊԵԿ-ը այլ ժամանակաշրջան է ուսումնասիրում, իսկ դատախազությունը՝ այլ: Դրանք տարբեր ժամանակներ են: ՊԵԿ-ի ուսումնասիրությունները պլանային են հարկային պարտավորությունների մասով: ՊԵԿ-ի ուսումնասիրությունը վերաբերում է բացարձակ այլ ժամանակաշրջանում կատարված հարկային պարտավորություններին:

Կմանրամասնե՞ք:

-ՀՀ գլխավոր դատախազութունը ուսումնասիրում է ընկերության՝ 2015-2016 թվականների գործունեությունը, իսկ ՊԵԿ-ը՝ 2012-2013թթ.-ի հարկային պարտավորությունները: Նորից եմ կրկնում՝ ՎՊ-ի ստուգումները բացարձակ կապ չունեն ՊԵԿ-ի ուսումնասիրությունների հետ: Իսկ դատախազութունը եկել եւ փաստաթղթերը տարել է: Բայց ընթացքի մասին տեղեկություններ չունեմ:

-Ինչո՞վ եք հիմնավորում ՎՊ-ի՝ ստուգումների արդյունքում բացահայտված խախտումները:

-Ես իմ կողմից բոլոր տեսակի հիմնավորումները ներկայացրել եմ ինչպես կրթության եւ գիտության նախարարությանը, այնպես էլ գլխավոր դատախազությանը: Հիմա սպասում եմ, որ իրենք քննարկեն ու որոշում կայացնեն: Բայց պնդում եմ, որ ընկերությունը ոչ մի խախտում էլ չի արել: Բացարձակ որեւէ խախտում չի արել:

Պարո՛ն Ղուկասյան, ընկերությունը վնասո՞վ է աշխատում, թե՞ շահույթով:

-Շահույթով…

Այսինքն՝ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին նվիրած «Տուարեգ»-ը դա շահույթի՞ հաշվին գնված նվեր էր:

-Դուք սխալ եք ձեւակերպում, այդ ավտոմեքենան նվեր չէր, այն տրված էր ժամանակավոր օգտագործման, որը վերադարձվել է եւ աճուրդի հանվել: Կան փաստաթղթերը, որոնցում սեւով սպիտակի վրա գրված է, որ դա տրված է ժամանակավոր օգտագործման: Բայց այդ մեքենան արդեն օգտագործված է, աճուրդի է հանվել ու ավելի էժան գնով, մինչդեռ այն ավելի թանկ գնով էր ձեռք բերվել: Նշեմ, որ Աշոտյանին ավտոմեքենա տրամադրելը մտնում էր մեր լիազորությունների մեջ:

Իսկ նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանին նոր ավտոմեքենա տրամադրվելո՞ւ է:

-Չենք պատրաստվում, որովհետեւ նման ցանկություն չկա (ծիծաղում է-Ս.Հ.):

Ինչո՞ւ:

-Դե, ինքը ունի ավտոմեքենա: Այն ժամանակ Աշոտյանը մեքենա չուներ:
«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում ՎՊ-ի իրականացված ստուգումների մասով «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ԿԱԻ-ի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի հետ: Սակայն վերջինս, լսելով հարցը, հայտարարեց. «Ես այս ստուգումների խորությանը չեմ տիրապետում: ՎՊ-ի պաշտոնական կայքէջում ստուգումների վերաբերյալ ընտրովի նախադասություններ են տեղադրված: Այնտեղ հնարավոր է, որ կարդացողը շփոթության մեջ ընկնի: Կարճ ասած՝ ես չեմ մեկնաբանում: Բայց ես շատ բաներին ներսից տեղյակ եմ, դրա համար էլ համաձայն չեմ ՎՊ-ի ստուգումների արդյունքների հետ: Ես պնդում եմ, որ ԿԱԻ-ն խախտում չի արել»:

Հ.Գ. Տեսակետ կա, որ իշխանական օղակները միտում ունեն այսպես ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին ներքաշել ինչ-որ քրեական պատմությունների մեջ: Պատահական չէ, որ ե՛ւ դատախազությունը, ե՛ւ ՊԵԿ-ը սկսել են կասկածելի ակտիվությամբ ստուգել վերոնշյալ կառույցը: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2009-2016 թվականներին զբաղեցրել է կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս