ՀՀԿ-Ն ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ԻՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է փոփոխել իր ծրագիրը, որն ավելի քան տասը տարի՝ որեւէ փոփոխության չէր ենթարկվել: Որն է ծրագիրը փոփոխելու նպատակը, եւ կոնկրետ ինչ փոփոխությունների է այն ենթարկվելու, «Ժողովուրդ»-ը պարզել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից:

-Պարո՛ն Աշոտյան, արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է փոփոխել իր ծրագիրը, որը տասը տարի շարունակ որեւէ փոփոխության չէր ենթարկվել: Ո՞րն է պատճառը:
-Մեր ծրագրային փոփոխությունները վերջին անգամ տեղի են ունեցել 2006 թվականին, այդ տարվա համագումարը քննարկեց եւ հաստատեց նոր ծրագրի նախագիծը: Տասը տարիների ընթացքում մենք բազմաթիվ նոր հնարավորությունների, մարտահրավերների եւ մոտեցումների ենք ականտես եղել: Հանրապետականը չի փոխում իր գաղափարական ուղղությունը, ճիշտ հակառակը, նոր նախագիծը իր մեջ բացում, ավելի մատչելի է դարձնում, բացատրում մեր քաղաքացիներին, թե ինչ է ազգային պահպանողականությունը: Մեզ համար ազգային պահպանողականության հայկական ընկալումը մնում է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ այդ ուսմունքը ամբողջությամբ տեղավորվում է դասական համաշխարհային քաղաքագիտության մեջ: Մենք շարունակելու ենք դավանել պահպանողական արժեքներին, որոնք խարսխված են ազգային հենքի վրա: Ցավոք, քաղաքական շատ կուսակցություններ այսօր հիշեցնում են ամեն ինչ, բացի կուսակցություններից` ֆրակցիաներ, խմբավորումներ եւ այլն, բայց դասական իմաստով այսօրվա կուսակցությունների զգալի մասը ստեղծված են սպասարկելու այդ կուսակցության առաջնորդի շահերը, եւ, հետեւաբար, շատ է դեմագոգիան, շատ է պոպուլիզմը, քիչ է գաղափարաբանությունը, լղոզված են սահմանները տարբեր տեսակի քաղաքական պլատֆորմների միջեւ: Կենցաղային մակարդակի քաղաքականությունը, ցավոք սրտի, ավելի շատ է Հայաստանում, եւ անգամ ընդդիմադիր դաշտում չի ուրվագծվում ընդհանուր գաղափարական պլատֆորմ: Ընդունված է համարել, որ ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը լիբերալ է, բայց իրականության մեջ ուժեղ անհատներից բաղկացած լիբերալ դաշտը չի կարողանում բյուրեղացնել իր ասելիքը Հայաստանում, հետեւաբար նաեւ մրցունակ չի կարող լինել գալիք ընտրություններում:
-Իսկ արդյո՞ք այս ծրագրային փոփոխությունն արդյունքը չէ ՀՀԿ-ի ունեցած մտավախությանն առ այն, որ առաջիկա խորհրդարանական ընտրութուններին չեք կարողանա ապահովել անհրաժեշտ թվով ձայներ:
-Ես կարծում եմ, որ եթե ազնիվ խոսենք, բոլոր քաղաքական ուժերը այսօրվանից, իսկ որոշ մասը ավելի շուտ սկսել են լավ իմաստով մտահոգվել գալիք խորհրդարանական ընտրությունների համար: Չկա քաղաքական ուժ, որը պետք է չհավակնի իշխանության կամ չհավակնի քաղաքական որոշումների կայացմանը մասնակցելուն: Եթե այդպիսի քաղաքական կուսակցություններ կան, որոնք ամաչում են կամ վախենում են ասել, որ ստեղծված են պայքարելու իշխանության համար, ապա այդպիսիք ամեն ինչ են, բացի կուսակցությունից` քաղաքական ակումբներ են, միավորումներ են եւ այլն: Մեր ծրագրային փոփոխությունները ամրացնում են մեր մեջքը, որովհետեւ մենք ավելի ազնիվ ենք դառնում, ավելի մատչելի ենք դառնում, ավելի համադրելի ենք դառնում մեր քաղաքացիների քաղաքական սպասումներին, մենք ասում ենք` ովքեր ենք մենք, մենք ասում ենք` ով եւ ինչն է մեզ համար կարեւոր, թե ինչպես ենք մենք պատկերացնում ՀՀ-ի ապագան, ինչ արժեհամակարգի շրջանակներում:
-Դուք խոսում եք ազնիվ լինելու, քաղաքացիների սպասումներին համապատասխանելու մասին, բայց արդյո՞ք չեք մտածում, որ ՀՀԿ-ի գործունեության անցած 15 տարիների փորձը այդ առումով քաղաքացիների մոտ առանձնապես լավ հետագիծ չի թողել: Այս տարիների ընթացքում ՀՀԿ-ն բազմաթիվ լուսավոր, հրաշալի խոստումներ է տվել, որոնք, սակայն, այդպես էլ իրականություն չեն դարձել:
-Մտահոգիչ հարց եք տալիս, ես ընդունում եմ Ձեր մտահոգությունը: Եթե խոսում ենք կուսակցական ծրագրերի մասին, ապա ՀՀԿ-ն իր գործունեության մեջ չի արել գեթ մեկ քայլ, որը հակասի իր արժեհամակարգին, որը հակասի ազգային գաղափարախոսությանը, որը հակասի պահպանողականությանը: Նախընտրական ծրագրերը քաղաքական ընթացիկ փաստաթղթեր են, որտեղ ներառված են, բնականաբար, խոստումներ եւ այդ խոստումները իրականացնելու համար միջոցառումների ցանկ: Ցավոք, փոփոխվող աշխարհում անգամ այս պահին առաջին հայացքից կայուն համարվող միջավայրը, տնտեսական, քաղաքական, ռազմական, ոչ մեզանից կախված պայմաններից ելնելով կարող է փոփոխվել, ներազդել մեզ վրա նաեւ բացասական տեսակետից, հետեւաբար, չխուսափելով պատասխանատվությունից՝ մենք պատասխան կտանք մեր ընտրողներին 2017 թվականի քարոզարշավի ընթացքում. ի՞նչ է արվել, ինչպե՞ս է արվել, ինչո՞ւ չի ստացվել այն, ինչ խոստացվել է, այդ ժամանակ կտանք նաեւ հանրային հաշվետվություն որպես քարոզարշավի ձեւ:
-Կարելի՞ է ասել, որ Կարեն Կարապետյանի նորարարություններին եք ադապտացնում ՀՀԿ-ն:
-Եթե գնանք մի քիչ ավելի հետ, ապա կտեսնենք, որ երկրում փոփոխությունների ալիքը մեկնարկեց նոր Սահմանադրությամբ, Սահմանադրությունը ընդունվեց, իսկ քաղաքական ուղերձը փոփոխությունների հնչեցվեց երկրի նախագահի կողմից հայտնի փետրվարյան ծրագրային ելույթում: Մնացած ամեն ինչը քայլեր են, որոնք օգնում են մեզ՝ հասարակությանը, պետությանը, կառուցել այն Հայաստանը, որի տեսլականը մենք ամփոփել ենք Սահմանադրության մեջ, որի քաղաքական ուղերձը հնչեցրեց երկրի ղեկավարը` քաղաքական փոփոխություն, նոր վարչապետ, լայնածավալ փոփոխություններ տարբեր ոլորտներում: Այդ ամենը պետք է կյանքի կոչվի, եթե միավորված է ընդհանուր մեկ նպատակով, այն փոփոխությունները՝ սահմանադրական, որի մասին մենք հաճախ խոսում ենք, նաեւ սկիզբ են առել ՀՀԿ նախաձեռնությամբ: Մենք ակնկալում ենք, որ Հանրապետականը հերթական անգամ կթարմացվի, կհամալրվի նոր գաղափարներով, նոր մարդկանցով, նոր մոտեցումներով, որոնք մեզ թույլ կտան մնալ արդիական, մարտունակ եւ մրցունակ այս քաղաքական դաշտում` համարժեք լինելով ե՛ւ մեր քաղաքացիների սպասումներին, ե՛ւ արտաքին միջավայրի մարտահրավերներին ու հնարավորություններին:

 

 

 
Ե՞ՐԲ ԵՆ, ՎԵՐՋԱՊԵՍ, ԱՅԴ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ

Նոյեմբերի 5-ին ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-25. աշխարհը եւ կանայք» խորագրով համաժողովին մասնակցեց նաեւ Սերժ Սարգսյանը: ՀՀ կառավարության նիստերի դահլիճում Սարգսյանն ունեցավ իր հերթական ելույթը` բարեկեցիկ Հայաստան ունենալու ցանկության եւ դեպի այդպիսի Հայաստան տանող ճանապարհի կերտման մասին:

«Սահմանադրության բարեփոխմամբ մենք քայլ ենք կատարում դեպի մեր հասարակության կառավարման ավելի ժողովրդավարական համակարգ եւ դեպի ավելի ուժեղ Հայաստան: …Գալիք երկու-երեք տարիները լինելու են բեկումնային…»,- արդեն որերորդ անգամ խոստանում է Ս. Սարգսյանը՝ կրկին վստահություն հայտնելով, որ մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է, որ Հայաստանը լինելու է ուժեղ եւ բարեկեցիկ երկիր: Սա օրեր առաջ էր:
«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում վերջնականապես հաղթահարվեն գործազրկությունն ու աղքատությունը, որպեսզի օր առաջ բարելավվի հասարակ մարդու կյանքը, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի անվտանգ»: Իսկ, ահա, սա Ս. Սարգսյանի՝ 2008-ին հնչեցրած խոսքերն են: Սարգսյանը դեռ այդ ժամանակվանից է «պայքարում» ապահով Հայաստան ունենալու համար: Ավելին` դեռեւս 2008 թվականին Սարգսյանը նախագահական ընտրություններին մասնակցեց շատ հավակնոտ ծրագրով: Նա, մասնավորապես, խոստացավ. «Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան եւ ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն»: Անցել է 8 տարի, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դեռեւս հայտարարում է, որ երիտասարդ ամուսնական զույգերին առանց կանխավճարի հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալու մասին քննարկումները շարունակվում են:
Սերժ Սարգսյանի խոսքերով` Հայաստանում բացվող ամեն նոր օրը պետք է տարբերվեր նախորդից՝ լինելով ավելի լավը: Իսկ հիմա Հայաստանի ամեն բացվող օրը իսկապես տարբերվում է, բայց տարբերվում է ոչ թե լավ իմաստով, այլ, ցավոք, դատարկվող երկրի, տնտեսական անկման եւ բացասական սպասումների աճի առումով:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՊՆ-Ի ՆԵՐՔԻՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ
ՀՀ ՊՆ տեղեկատվական հարցերով պատասխանատուների միջեւ առկա լարվածությունն այն աստիճանի է հասել, որ վերջիններս արդեն հրապարակային են լարվածությունն ի ցույց դնում: «Ժողովուրդ»-ը դեռեւս 2016 թվականի հուլիսի 8-ին գրել էր, որ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, որը Սերժ Սարգսյանի համագյուղացին է, լարված հարաբերություններ ունի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Երեկ ՊՆ տեղեկատվության վարչության պետ, «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ Վարդան Ավետիսյանը կոչ է արել աշխարհազորային ջոկատների հրամանատարներին՝ մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ թշնամու հնարավոր հարձակմանը դիմակայելու համար: Արծրուն Հովհաննիսյանը շտապել է հանգստացնել, թե «դա բացառապես Վարդան Ավետիսյանի եւ իր ղեկավարած ՀԿ-ի կարծիքն է եւ չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը»:

 

 

ՄԻԵԴ-Ն ԸՆԴԴԵՄ ՀՀ-Ի
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ կա 450 հայց: Այդ գործերը դեռ պետք է քննության ենթարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Հիշեցնենք, որ 2014 թվականին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որոնց դիմաց վճարվել է 166 հազար եվրո, 2015 թվականին՝ ութ վճիռ, վճարվել է 86 հազար եվրո, 2016 թվականին էլ կայացվել է կրկին ութ վճիռ, վճարվել է 83 հազար եվրո: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր ուսումնասիրել հարցը, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը մինչ օրս դատական սխալների հետեւանքները հեշտացնելու հարցում դեռ առարկայական ոչինչ չի առաջարկել:

 

 

ԱՄԵՆԱՀԻՇԱՏԱԿՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆ
Ըստ Actual Monitoring-ի հրապարակած տվյալների` անցած շաբաթ ՀՀ 100-ից ավել էլեկտրոնային լրատվական կայքերում նոր նախարարներից ամենաշատ հիշատակումը եղել է Վարդան Արամյանի մասին: Մեծ թվով հիշատակումներ են եղել նաեւ Իգնատի Առաքելյանի եւ Վիգեն Սարգսյանի մասին: Ցուցակում ընդգրկված նախարարների մասին ամենաշատ հիշատակումը եղել է նոյեմբերի 2-ին` կառավարության նիստի նախորդ օրը: Կառավարության նիստի օրն ամենաշատ հիշատակում եղել է Վարդան Արամյանի եւ Հրաչյա Ռոստոմյանի մասին:

 

 

10 ԴՐԱՄՈՎ ԷԺԱՆԱՑԱՎ
Հայաստանում բենզինի գները նվազում են ավելի դանդաղ տեմպերով, քան միջազգային շուկայում: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինի գինը եւս 10 դրամով էժանացել է: Ըստ այդմ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 350, պրեմիում տեսակը՝ 370, իսկ սուպեր տեսակը՝ 390 դրամով: Ի դեպ, ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 14.7 տոկոս գնանկում:




Լրահոս